The Guardian. Ծառուկյանը մտադիր է ավարտին հասցնել Հիսուսի արձանի կառուցումը – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ քրեական հետապնդումն ու քաղաքական ճնշումները չեն կանգնեցնի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցումը:

Պարբերականը ծավալուն նյութ է հրապարակել Ծառուկյանի մասին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով նրա կուսակցությունը ստացել է քվեների 4%-ից պակաս ձայն ու չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը: The Guardian-ը նշում է, որ կուսակցությունը դատարանում վիճարկում է քվեարկության արդյունքները, իսկ ինքը՝ Ծառուկյանը, չնայած քաղաքական ձախողմանը, մտադիր է կյանքի կոչել այդ մասշտաբային նախագիծը, որն անվանում է Հայաստանի ապագա «այցեքարտը»:

Նիկոլ Փաշինյանի հաղթական ելույթի հաջորդ օրը քննիչները ժամանել են Ծառուկյանի առանձնատուն՝ նրան հարկային իրավախախտումների վերաբերյալ պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար: Այդ օրերին իշխանամետ լրատվամիջոցները գրում էին, թե նա իբր փորձել է լքել երկիրը մինչև մեղադրանքի առաջադրումը: Ծառուկյանը հերքել է այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ ծրագրել էր կարճատև ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, սակայն իրեն թույլ չեն տվել նստել ինքնաթիռ, ինչից հետո նա վերադարձել է տուն:

The Guardian-ի հետ զրույցում Ծառուկյանը հերքել է նաև այն ենթադրությունները, թե իշխանությունները կարող են տապալել արձանի կառուցումը: Նրա խոսքով՝ նախագիծն արդեն չափազանց մեծ նշանակություն է ստացել դրանից հրաժարվելու համար և կարող է Հայաստանին տնտեսական ու զբոսաշրջային մեծ օգուտներ բերել:

«Ինչպե՞ս կարող է տղամարդը վախենալ: Ինչո՞ւ վախենալ: Ինչի՞ համար են ինձ բանտ նստեցնելու»,- հայտարարել է Ծառուկյանը:

The Guardian-ը հիշեցնում է, որ Փաշինյանը հունիսի 7-ի իր ելույթում սպառնացել է բանտարկել քաղաքական ընդդիմախոսներին՝ առանձնացնելով Ծառուկյանին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և գործարար Սամվել Կարապետյանին։ Պարբերականը նաև նշում է, որ Փաշինյանը, ով իշխանության է եկել 2018 թվականին, բազմիցս ներկայացրել է Ծառուկյանին որպես նախկին օլիգարխիկ համակարգի խորհրդանիշ:

Որպես գլխավոր նախագիծ, որով Ծառուկյանը մտադիր է հետք թողնել Հայաստանում, պարբերականն առանձնացնում է Երևանից մոտ 25 կմ արևելք գտնվող Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի 101 մետրանոց արձանի կառուցումը: Գործարարի մտահղացմամբ՝ հուշարձանը տեսանելի է լինելու մայրաքաղաքի մեծ մասից:

Ծառուկյանը հայտարարել է, որ արձանն ավելի բարձր է լինելու, քան Բրազիլիայի Հիսուս Փրկչի հայտնի արձանը, և փոքր-ինչ բարձր՝ Նյու Յորքի Ազատության արձանից:

«Մենք աշխարհում ամենահին քրիստոնյա ազգն ենք: Տրամաբանական է, որ մենք պետք է ունենանք Հիսուսի ամենամեծ արձանն աշխարհում»,- ասել է նա:

Ծառուկյանը նախագիծն անվանել է «Հայաստանի այցեքարտ» և նշել, որ «քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»։ Նա նաև ընդգծել է, որ կառուցման ավարտից հետո հուշահամալիր տարեկան կարող է այցելել մինչև 10 միլիոն զբոսաշրջիկ։

«Աշխարհում նման բան չկա։ Օվկիանոսից օվկիանոս բոլորը խոսելու են դրա մասին»,- հայտարարել է Ծառուկյանը:

The Guardian-ը նկատում է, որ Ծառուկյանի նախագիծը, նրա իսկ մտահղացմամբ, տեղավորվում է ավելի լայն միջազգային միտման մեջ, որը միավորում է կրոնական հավատքը, ազգայնականությունն ու մշակութային պահպանողականությունը:

Պարբերականը գրում է, որ Ծառուկյանն այդ միտումը կապում է, մասնավորապես, Դոնալդ Թրամփի MAGA շարժման և Եվրոպայի ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների հետ:

Ծառուկյանի խոսքով՝ Թրամփը հրավիրված է հուշարձանի բացմանը։ Գործարարը նաև հայտնել է, որ ԱՄՆ դեսպանատան ոչ պաշտոնական ամերիկյան պատվիրակությունն արդեն այցելել է Հատիս լեռան շինհրապարակ։

Պարբերականը հիշեցրել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը։ Եկեղեցու ներկայացուցիչները հայտարարում էին, որ հուշարձանի մասշտաբներն ու ոճը չեն համապատասխանում հայկական կրոնական և ճարտարապետական ավանդույթներին։

Բնապահպանները նույնպես քննադատում են նախագիծը և զգուշացնում, որ շինարարությունը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել Հատիս լեռան բնական լանդշաֆտին։

Ի պատասխան հոգևորականների և բնապահպանների քննադատության՝ Ծառուկյանը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ, և հիշեցրել, որ ֆինանսավորել է երկրի տարբեր մարզերում ութ եկեղեցիների կառուցումը։

Հուշարձանի շինարարությունը պարբերական ընդհատումներով ընթանում է 2022 թվականից:

Leave a Comment