Սահմանադրական դատարանը (ՍԴ) միավորել է քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները վիճարկելու մասին դիմումները, հայտնել են ՍԴ-ից։
Դիմումներ էին ներկայացրել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան» և «Նոր ուժ» կուսակցությունները, ինչպես նաև «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքը։
Քաղաքական ուժերը վիճարկում են ԿԸՀ-ի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը։
Հաշվի առնելով, որ բոլոր գործերը վերաբերում են նույն հարցին, Սահմանադրական դատարանը դրանք միավորել է մեկ վարույթում։ Նիստը նախատեսում են անցկացնել հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Դատաքննությունը կանցկացնեն բանավոր ընթացակարգով։
Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 3,893% և չի հաղթահարել չորս տոկոսի անցողիկ շեմը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով 18 քաղաքական ուժերից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերանայել քվեարկության արդյունքները։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ երկրորդ փուլ նշանակել, «Միասնության թևեր» կուսակցությունը՝ անվավեր ճանաչել արդյունքներն ու կրկնակի քվեարկություն անցկացնել, իսկ «Նոր ուժ»-ը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները՝ քվեարկության օրինականության վերաբերյալ ունեցած կասկածների հիմքով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պնդում է կամ ամբողջությամբ անվավեր ճանաչել արդյունքներն ու ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն նշանակել, կամ կիրառել մանդատների բաշխման այլ կարգ։
«Հայաստան» դաշինքը նույնպես պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ քվեարկության արդյունքները հարկավոր է զրոյացնել։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքը մտադիր է դատարանում բարձրացնել ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ունեցած համակարգային ազդեցության հարցը։ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունում պնդում են, որ արձանագրված խախտումներն էականորեն ազդել են ընտրողների իրական կամարտահայտման վրա։
Կարդացեք նաև՝
