ՀԱԿ-ը բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ է արել ստեղծել «Ոչ»-ի համազգային միասնական ճակատ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը նախաձեռնել է «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ ձևավորելու նախաձեռնության մասին, և առաջարկել բոլոր ընդդիմադիր ուժերին միանալ շարժմանը, հայտնել է քաղաքական ուժի մամուլի ծառայությունը։

Կուսակցության հունիսի 21-ի հայտարարության համաձայն՝ իշխող ուժը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է ամեն կերպ հասնել խորհրդարանում սահմանադրական մեծամասնության և իրականացնել մայր օրենքի փոփոխություններ։ Այդ նպատակին հասնելու համար, ըստ ՀԱԿ-ի, իշխանություններն ընտրություններում կատարել են լայնածավալ ու համակարգային ընտրախախտումներ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է ապօրինի որոշում, ինչի հետևանքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ-ում ձեռք է բերել 3/5-ից ավելի մանդատներ։

Կոնգրեսն ապօրինի է համարել նաև Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ Ազգային ժողովի ընտրություններում քվեարկելու իրավունք կունենան Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Սա, ըստ կուսակցության, միտված է ընտրական ցուցակներից հեռացնելու մոտ կես միլիոն քաղաքացու, ինչը կհեշտացնի գործող իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը։

Այս ամենին հակազդելու համար ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունն առաջարկել է ժողովրդավարության և ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել «Ոչ»-ի շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործողություններ։

Առաջին հերթին, ըստ ՀԱԿ-ի, պետք է անցկացվեն ժողովրդական բողոքի զանգվածային միջոցառումներ ընդդեմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների կեղծման և դրան հետևած ապօրինի որոշումների։ Պայքարը պետք է ընթանա նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով։

Համաժողովրդական ճակատը, ըստ կուսակցության, պետք է շարունակաբար պայքարի իշխանությունների կողմից նոր Սահմանադրության ընդունման կամ փոփոխման վերաբերյալ առաջարկվող հնարավոր նախագծերի դեմ։ Քաղաքական ուժն իր կողմից առաջարկում է վերադառնալ 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա Սահմանադրության նոր նախագծին, որը կստեղծի զսպումների և հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին ևս հայտարարել էր  հետընտրական ընդդիմադիր կոալիցիա և համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։ Նա գործող իշխանություններին հեռացնելու համար ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությամբ համատեղ հանրահավաքներ անցկացնելու մտադրության մասին էր հայտնել։

Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ): ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում, այդ մտադրության մասին հայտարարել էր նաև «Ուժեղ Հայաստանը»։ Ընտրությունների արդյունքները չճանաչելու պահանջին էր միացել նաև «Միասնության թևերը»։

Leave a Comment