Ֆրանսիայում սաստիկ շոգ եղանակի հետևանքով երկուշաբթի օրը դռները կփակեն 845 դպրոցներ ու քոլեջներ, իսկ շուրջ 1800 կրթական հաստատություններ կանցնեն աշխատանքային այլ գրաֆիկի՝ արձակելով աշակերտներին օրվա առաջին կեսին, հայտնում է Le Figaro-ն։
Կրթության նախարար Էդուար Ժեֆրեն տեղեկացրել է, որ դասարանների փակումը հիմնականում կիրականացվի այն տարածքներում, որտեղ հայտարարված է եղանակային վտանգի կարմիր մակարդակ: Նախարարը հստակեցրել է, որ երկրում գործող շուրջ 60 հազար ուսումնական հաստատություններից 845 դպրոցներում և քոլեջներում դասապրոցեսը կա՛մ լիովին չեղարկվել է, կա՛մ կանցկացվի նվազագույն ձևաչափով:
Ըստ նրա՝ նման որոշումները կայացվում են տարածաշրջանային մակարդակով, քանի որ երկրի տարբեր մասերում իրավիճակները տարբերվում են։ Ժեֆրեն նաև հավելել է, որ թեև գլխավոր սկզբունքը կրթության անընդհատության ապահովումն է, սակայն սովորողների և անձնակազմի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում թույլատրելի են բացառություններ ու ժամանակավոր փակումներ։
Զուգահեռաբար, Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի կողմից հայտարարվել է մեկ միլիոն եվրոյի արտակարգ աջակցություն 500 քննական կենտրոնների համար, որն ուղղվելու է օդափոխիչների, օդի սառեցման համակարգերի և շոգից պաշտպանող այլ սարքավորումների ձեռքբերմանը։