Ե՞րբ կարող են զավակները ազատվել ծնողներին պահելու պարտականությունից

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 75-րդ հոդվածով կարգավորվում են ծնողների ապրուստը հոգալու՝ չափահաս աշխատունակ զավակների պարտականությունները։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը՝

  • Աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին։
  • Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում օգնության կարիք ունեցող ծնողների համար նրանց չափահաս աշխատունակ զավակներից ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով։
  • Զավակներից յուրաքանչյուրից բռնագանձվող ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
  • Չափահաս զավակներից յուրաքանչյուրի առնչությամբ ալիմենտի չափը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել տվյալ ծնողի չափահաս աշխատունակ բոլոր զավակներին, անկախ նրանից, թե պահանջը ներկայացվել է նրանցից մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ:
  • Անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:
  • Զավակները կարող են ազատվել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողների ապրուստը հոգալու պարտականությունից, եթե դատարանի վճռով կհաստատվի, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։
  • Զավակներն ազատվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողներին ալիմենտ վճարելու պարտականությունից։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 76-րդ հոդվածը սահմանում է չափահաս աշխատունակ զավակների մասնակցությունը անաշխատունակ ծնողների նկատմամբ կատարվող կատարվող լրացուցիչ ծախսերին

  • Անաշխատունակ ծնողների հանդեպ չափահաս աշխատունակ զավակների կողմից հոգատարության բացակայության և բացառիկ հանգամանքների (ծնողի ծանր հիվանդություն, խեղում ստանալ, նրանց կողմնակի խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) առկայության դեպքում նրանք կարող են դատարանի վճռով մասնակից դարձվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսերը կրելու գործին։
  • Չափահաս աշխատունակ զավակներից յուրաքանչյուրի կողմից լրացուցիչ ծախսերը կրելու կարգը և այդ ծախսերի չափը որոշում է դատարանը` հաշվի առնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, պահպանելով սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-5-րդ մասերի պահանջները։
  • Լրացուցիչ ծախսերը կրելու կարգը և այդ ծախսերի չափը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ:

Leave a Comment