Ամառային արևադարձի օրը Հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար ցերեկը

Հունիսի 21-ը հանդիսանում է բարձր Արևի օր, ինչպես նաև Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է. «2026 թվականի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Արևը, շարժվելով խավարածրի երկայնքով, կհասնի իր ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային երկնային բևեռ՝ ազդարարելով աստղագիտական ​​ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում։ Միևնույն ժամանակ, Հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ 

Սա տեղի է ունենում, քանի որ ամառային արևադարձի ժամանակ Արևը ծագում է հյուսիս-արևելքից և մայր է մտնում հյուսիս-արևմուտքից, կեսօրին հասնելով հարավում հորիզոնի վերևում իր ամենամեծ բարձրությանը։ Այսպիսով, հունիսի 21-ի կեսօրին Հյուսիսային կիսագնդում կարելի է դիտարկել տարվա ամենակարճ ստվերները և ամենաբարձր Արևը։ Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե։ Համեմատության համար, ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում ցերեկվա տևողությունը ընդամենը 9 ժամ 19 րոպե է»։

Leave a Comment