Iravaban.net-ը «Քրեակատարողական հիմնարկ․ առաջնագծում» նախագծի շրջանակում զրուցել ենք Արմավիր ՔԿՀ անվտանգության անվտանգության բաժնի առաջատար մասնագետ, մայոր Սոնա Հարությունյանի հետ։
Մինչ շատերը մանկության տարիներին հազիվ էին պատկերացնում իրենց ապագա մասնագիտությունը, Սոնան արդեն ծանոթ էր քրեակատարողական համակարգի առօրյային։
Քրեակատարողական ծառայությունում Սոնան աշխատում է 2014 թվականից։ Տասներկու տարվա ընթացքում նա ծառայել է «Կոշ», «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում՝ կուտակելով մասնագիտական հարուստ փորձ։
Սոնան իր կյանքի ուղեկցին հանդիպել է հենց Արմավիր քրեակատարողական հիմնարկում, և նրանց ծանոթության պատմությունը մինչ օրս հիշվում է որպես առանձնահատուկ ու հետաքրքիր դրվագ։ Ծառայողական առօրյայի շրջանակում սկսված շփումը ժամանակի ընթացքում վերածվել է փոխադարձ համակրանքի, իսկ հետո՝ ամուր ընտանիքի։ Սոնայի համար Արմավիր քրեակատարողական հիմնարկը ոչ միայն աշխատանքի վայր է դարձել, այլև այն վայրը, որտեղ սկսվել է իր կյանքի ամենակարևոր պատմություններից մեկը։
Սոնայի համոզմամբ՝ քրեակատարողական հիմնարկում աշխատելու համար անհրաժեշտ է մշտապես լինել զգոն, կարգապահ և ունենալ բարձր պատասխանատվության զգացում, քանի որ աշխատանքը ենթադրում է ամենօրյա շփում տարբեր բնավորության ու կենսափորձ ունեցող անձանց հետ։ Նրա խոսքով՝ այս ոլորտում մասնագիտական գիտելիքներից ոչ պակաս կարևոր են ինքնատիրապետումը, սթափ գնահատականներ տալու կարողությունն ու մարդկային մոտեցումը։
Սոնայի կարծիքով՝ հասարակությունը ոչ միշտ է լիարժեք գնահատում քրեակատարողական ծառայողների աշխատանքը։ Նրա խոսքով՝ մարդկանց մեծ մասը չի պատկերացնում այս ծառայության բարդությունն ու պատասխանատվության աստիճանը, մինչդեռ քրեակատարողական համակարգում աշխատողներն ամեն օր կատարում են կարևոր և պատասխանատու առաքելություն՝ ապահովելով ինչպես հիմնարկների անվտանգութ յունը, այնպես էլ դատապարտյալների հետ տարվող ամենօրյա աշխատանքը։