Ընդդիմությունը գնաց ՍԴ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) | Radar Armenia

Ընդդիմությունը գնաց ՍԴ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորհրդարանական ընտրությունների շուրջ վիճահարույց հարցերը տեղափոխվում են Սահմանադրական դատարան։

Մասնակից ուժերից 7-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։

Այսօր լրացավ ՍԴ դիմելու համար օրենքով նախատեսված վերջնաժամկետը, և ժամը 18:00-ի դրությամբ բարձր ատյան դիմել են «Ուժեղ Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևերը», «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» և «Նոր ուժ» կուսակցությունը։ Նրանք պնդում են, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է լուրջ խախտումներով։

Իշխանությունը ոչ միայն չի ընդունում այս մեղադրանքները, այլև հակադարձում է՝ ընտրակեղծարարության գլխավոր մեղավոր համարելով հենց ընդդիմությանը։

«Այսօր ողջ Հայաստանը ապշած է, և ոչ միայն Հայաստանում են ապշած, հենց իրենց՝ ընդդիմադիրների բաժանած ահռելի քանակի ընտրակաշառքներից։ Եվ այս քայլի նպատակը այն է, որ շեղեն հասարակության ուշադրությունը իրենց ընտրակեղծարարության այդ աղաղակող փաստերից»։

Հասմիկ Հակոբյանի համոզմամբ՝ ընդդիմության ՍԴ դիմումը ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակ ունի։

«Նրանք պետք է արդարանան, որովհետև ամիսներով ինչ-որ կեղծ նիստեր էին անում կառավարության, էդ «սամոզվանեցին», ասում է պարոն վարչապետը, և բոլորին հավատացնում էին, նաև իրենց էդ կաշառք բաժանողներին, որ իշխանությունը իրենք են վերցնելու»։

Պատգամավորն անգամ պնդում է, որ եթե ընտրակաշառքների թեման ամբողջությամբ բացահայտվի, մեղադրվողների թիվը կարող է հասնել հազարների։

Սակայն որքանո՞վ են ընդդիմության պահանջները իրավաբանորեն կենսունակ։ Այս հարցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանում քաղաքական հայտարարությունները բավարար չեն։

«Սահմանադրական դատարան դիմելու դեպքում Սահմանադրական դատարանը երկու հարց պետք է լուծի. առաջինը՝ պետք է դիմեն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, և Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում կամ ընտրությունները ճանաչել անվավեր, կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ»։

Այվազյանի դիտարկմամբ՝ այդ խախտումները պետք է արձանագրված լինեին տեղամասերում, գրանցամատյաններում, բողոքներով և համապատասխան փաստաթղթերով։

Ըստ սահմանադրագետի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է ոչ միայն խախտումների առկայությունը, այլև դրանց ազդեցությունը վերջնական արդյունքի վրա։

«Եթե ունեցել են դժգոհություն, որ սխալ հաշվարկ է գնում և այլն, իրենք պետք է դա արձանագրած լինեն, որպեսզի Սահմանադրական դատարանը որպես հիմք ներկայացնի»։

Այվազյանի խոսքով՝ եթե դիմողները չներկայացնեն փաստաթղթավորված խախտումներ, Սահմանադրական դատարանը չի կարող առաջնորդվել միայն քաղաքական հայտարարություններով։

«Սահմանադրական դատարանը ոչ թե հիմնվում է կողմերի ներկայացրած փաստարկների վրա, թե սենց է եղել, չգիտեմ, այլանդակություն և այլն, այլ կոնկրետ գրավոր ապացույցների՝ բողոքների, փաստերի և այլ նյութերի վրա»։

Նշենք, որ Սահմանադրական դատարանն ընտրություններին վերաբերող դիմումները քննարկելու է բանավոր ընթացակարգով։ Իսկ վերջնական որոշում Սահմանադրական դատարանը պարտավոր է ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո, այսինքն՝ մինչև հուլիսի 4-ը ներառյալ։

ՍԴ-ն կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը․

  • ուժի մեջ թողնել ԿԸՀ-ի որոշումը,
  • անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
  • անվավեր ճանաչել արդյունքները և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ,
    որոշ դեպքերում նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

ՍԴ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment