Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող իրավական գործընթացները մտնում են վճռորոշ փուլ։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմքում դրվել են այնպիսի էական հանգամանքներ ու փաստարկներ, որոնք իրենց ամբողջության մեջ ցույց են տալիս՝ ընտրությունները թափանցիկ չեն եղել և ընթացել են համակարգային խախտումներով։
Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի՝ իրենց կողմից ներկայացվել է միայն մեկ հստակ պահանջ՝ չեղարկել ընտրությունների արդյունքները։
«Մենք երկրորդ պահանջ չենք ներկայացրել, որովհետև մեր արձանագրած խախտումներն այնպիսի ծավալի ու համակարգային բնույթի են, որոնք չեն կարող ենթադրել ինչ-որ միջանկյալ քայլերով հարցի լուծում»,- պարզաբանել է փաստաբանը՝ ներկայացնելով դիմումի հիմնական փաստարկները։
Որպես առանցքային խախտում՝ Խուդոյանը մատնանշել է իրավապահ համակարգի ներգրավվածությունը քաղաքական քարոզչությանը։ Ըստ նրա՝ քննչական մարմիններն ուղղակիորեն գործակցել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ կատարելով հրապարակումներ, որոնք խախտել են անմեղության կանխավարկածը։
«Ամենասուր և կարևոր խնդիրն այն է, որ հրապարակվել են իրավական նշանակություն չունեցող գաղտնալսումներ՝ ընդդիմադիրներին վատ լույսի ներքո ներկայացնելու համար։ Դասական օրինակ է, երբ խոսակցության մեջ հնչած ինչ-որ արտահայտություն որևէ հանցակազմ չի պարունակում, բայց Քննչական կամ Հակակոռուպցիոն կոմիտեն, նյութը մոնտաժելով, հրապարակում է, որպեսզի իշխող ուժն այն օգտագործի իր քարոզչության մեջ։ Եվ այսպիսի դեպքերը բազմաթիվ են»,- ընդգծել է փաստաբանը։