Սահմանադրական դատարանը որոշում կընդունի դիմումի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո – Նորություններ 19.06.2026

Սահմանադրական դատարանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը կքննի և որոշում կընդունի դիմումի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սահմանադրական դատարանը։

«2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:

Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո»։  

Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 19-ին հայտնել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան։ «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս հայտնել են, որ այսօր դիմում կներկանացնեն Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։

Leave a Comment