Մեխիկոյում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որտեղ այս տարի առաջին անգամ գավաթակրի տիտղոսի համար պայքարում է ոչ թե 32, այլ 48 թիմ։ 2026-ի գլխավոր ինտրիգներից մեկը Իրանի մասնակցությունն է, քանի որ այդ երկրի հավաքականի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներն էլ նախատեսված են Միացյալ Նահանգներում։
Radar Armenia-ն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանին թեմայի շուրջ հղել է մի քանի հարց.
-Հետևո՞ւմ եք աշխարհի առաջնությանը։
-Բնականաբար հետևում եմ, դրա համար էլ հիմա Ձեզ հետ խոսում եմ կիսաքնած. արդեն ուղիղ մեկ շաբաթ է՝ առաջնությունն ընթանում է, և ընթանում է ամբողջ գիշեր՝ մինչև լուսաբաց։ Բայց դրան վերաբերվում եմ ժպիտով, քանի որ այսպիսի իրադարձություն 4 տարին մեկ է լինում։
-Ո՞ր թիմին եք երկրպագում։
-Ի թիվս մի շարք ֆուտբոլային պատճառների՝ այդ թվում ֆուտբոլիստների կողմից օրհներգի փշաքաղեցնող կատարման համար, շատ համակրում եմ Իտալիայի հավաքականին, որը, դժբախտաբար, այս տարի չի մասնակցում առաջնությանը։ Երկրպագում եմ այնպիսի հավաքականների, որտեղ չկան «մոդայիկ գերաստղեր», օրինակ՝ Նիդերլանդներ, Մեքսիկա, Շվեյցարիա։ Թեև պատմականորեն՝ Զիդանի հանգամանքով պայմանավորված, շատ կապված եմ Ֆրանսիայի հավաքականի հետ, բայց այնտեղ էլ «մոդայիկ գերաստղ» կա…
-Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։
-Պատմական վիճակագրությունները ցույց են տալիս, որ չեմպիոն դառնում են այն հավաքականները, որոնք առաջին տուրում խաղում են անփառունակ ու անատամ ֆուտբոլ։ Այդ առումով երևի ամենամեծ շանսերն այս տարի ունեն Իսպանիան ու Պորտուգալիան։
Լիլիթ Աբրահամյան
