«Մեծ յոթնյակի» գագաթաժողովի փակման օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դրամատիկական թատրոնի շենքում կազմակերպել է ASEAN-ի պետությունների պատվիրակությունների պաշտոնական ընդունելություն։
Հունիսի 18-ին Ռուսաստան- ASEAN գագաթաժողովը մեկնարկել է։ Բացման խոսքում ՌԴ նախագահը մասնակիցներին հորդորել է «բարձրացնել հուզող ցանկացած հարց»։
Գագաթաժողովի համանախագահ Ֆիլիպինների առաջնորդ Մարկոսը կարևորել է համագործակցությունը, որ «խաղաղության և կայունության երաշխիք է՝ ի հակակշիռ մրցակցության»։ Այնուհետև լրագրողներին նիստերի դահլիճից դուրս են հրավիրել, գագաթաժողովի հետագա քննարկումները կանցնեն դռնփակ։
Ակնհայտ է, որ Կազանի միջոցառումը կազմակերպվել է, որպեսզի տեղեկատվա-քարոզչական ֆոն ձևավորվի, որ ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանը «միջազգայնորեն մեկուսացված չէ, եթե Արևմուտքի հետ հարաբերությունները լարված են, ապա դրանք հաջողությամբ զարգանում են Արևելքում»։
Անցյալ տարի նույն նպատակով Կազանում կազմակերպվել է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողով, բայց այդ կառույցը ինստիտուցիոնալ միջազգային կազմակերպության վերածելու փորձերը առայժմ հաջողության չեն հասել։
Այս առումով խիստ ուշագրավ է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրավիրվել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին։ Հնդկաստանը, այսպես կոչված «Գլոբալ հարավի» առաջատար երկիր է կամ, ինչպես ամերիկյան կողմն է բնորոշում՝ «աշխարհի ամենամեծ դեմոկրատիան» և Նյու Դելիի աշխարհաքաղաքական կողմնորոշումը էապես ազդում է միջազգային քաղաքական օրակարգի ձևավորմանը։
Միջազգային մամուլը արձանագրել է, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ նախագահի և Հնդկաստանի վարչապետի հանդիպում։
Բանակցությունների ավարտին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Հնդկաստանին «համապարփակ աջակցություն ցուցաբերել, որպեսզի ամրապնդվի նրա դիմադրողականությունը»։
Հնդկաստանը պարբերաբար զինված բախումներ է ունենում Պակիստանի հետ՝ Քաշմիրում տարածքային խնդիրների պատճառով։ Այդ հակամարտության մեջ Պակսիտանին աջակցում է Չինաստանը։
Թրամփ-Մոդի բանակցությունները կայացել են իրանա-ամերիկյան համաձայնության հրապարակայնացման նախօրեին։ Պետք է ենթադրել, որ ԱՄՆ նախագահը Հնդկաստանի վարչապետին իրազեկել է «գործարքի» մասին։
Հնդկաստանը Հորմուզի նեղուցի արգելափակումից տուժող երկիր է։ Նյու Դելին տևական ժամանակ քննարկում է Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցության հարցը։ Իրանա-ամերիկյան «հաշտությունը» կարող է նպաստել այդ նախագծի գործնականացմանը։
Քարոզչականից զատ ի՞նչ արդյունք կունենա ASEAN-Ռուսաստան գագաթաժողովը, բարդ է կանխատեսել։ Փաստ է, որ այդ կազմակերպության անդամ երկրները ունեն 667 միլիոն բնակչություն, բայց տարեկան գեներացնում են ընդամենը 9, 7 տրիլիոն դոլար ՀՆԱ։
Համեմատության համար արժե նշել, որ «Մեծ յոթնյակի» երկների բնակչությունը 780 միլիոն է, իսկ համախառը ՀՆԱ-ն՝ շուրջ 52 տրիլիոն դոլար։ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի «կուրյոզը» Reuters-ի մեկնաբանը հումորով ձևակերպել է այսպես․ «Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր Ռուսաստանի նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին» է։