
«Ըստ Փաշինյան Նիկոլի՝ ԱԱԾ-ականները ձեռի հետ կարող են զբաղվել նաև բլոգերությամբ։ ԱԱԾ-ի ենթակայության տակ գտնվող տեսախցիկների արձանագրած «չալաղաջ» կտորները կարող են կտրել, դնել ու ապահովել միլիոնավոր դիտումներ։
Այս մարդը 8 տարի շալվար է մաշեցնում, բայց մինչև հիմա չի կարողանում պետությունը տարբերել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունից։ Նա չի կարողանում էական տարբերություններ գտնել ՀԺ-ի շենքի պահակների ու ԱԱԾ-ականների միջև։
Նախկինում դեղին թերթի էջերում էր Փաշինյան Նիկոլը սրան-նրան սևացնում, իսկ իշխանությունը սեփականաշնորհելուց հետո, արդեն պետական բոլոր լծակներն իր անձնական շահերին ծառայեցնելով, ոչ միայն մարդկանց պախարակում է, այլև բանտարկում։
Վերջին շրջանի ամենացցուն օրինակը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ շինծու քրեական հետապնդումն էր՝ «պետական դավաճանության» զրպարտիչ մեղադրանքով։ Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը և, առանց դատ ու դատաստանի, շարունակաբար զրպարտում է մարդուն։ Իսկ պետության ընձեռած իշխանական լծակներից արբեցած՝ իր հիմնական գաղափարաքաղաքական հակառակորդին բանտարկում է։