«Ձեր հետևորդների ձա՞յնն է կեղծվել, իսկ դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում։ Ձայները կեղծվա՞ծ են, ու հաջորդ օրը օդանավակայանո՞ւմ եք հայտնվում։ Մենք ընդդիմադիր ենք եղել. երբ մեր ձայները կեղծվել են, հաջորդ օրը, ճամպրուկներս հավաքած, օդանավակայանո՞ւմ ենք եղել։ Ո՞ւմ ձայնն է կեղծված։ Ում ձայնը կեղծված է, թող դուրս գա հրապարակներ, ասում եմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարությունից հետո ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարեց ընդդիմադիր ուժերի հետ համատեղ հանրահավաք անցկացնելու մասին.
«Շուտով մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք, որը ես կկոչեմ «ուժեղ և վստահելի հանրահավաք»։
Սակայն շարունակում է բաց մնալ հարցը՝ ինչու ընտրություններից ավելի քան մեկ շաբաթ անց, թեև ընդդիմադիրները խոսում են ընտրակեղծիքների մասին, այդուհանդերձ չեն շտապում փողոց դուրս գալ։
ԲՀԿ-ն, որն այս հարցում ամենաշահագրգիռը պետք է լիներ, թեև ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարեց փողոցային պայքարի մասին, սակայն չի շտապում գործողությունների անցնել։ Բացի այդ, այս կուսակցությունից չեն պատասխանում մեր հարցերին և չեն մեկնաբանում, թե ինչու հանրահավաքներ չեն անցկացնում։
«Հայաստան» դաշինքն էլ միայն ՍԴ դիմելու մասին է հայտարարել՝ կրկին անարձագանք թողնելով հետընտրական հանրահավաքներ չանցկացնելու վերաբերյալ հարցադրումները։
Արդյո՞ք ԲՀԿ-ն ու «Հայաստան» դաշինքը կմասնակցեն Սամվել Կարապետյանի հայտարարած միասնական հանրահավաքին, և արդյո՞ք այն շարունակություն կունենա կամ նույնիսկ քաղաքական նոր գործընթացներ կգեներացնի։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ հանրահավաքների միջոցով իշխանափոխության հասնելու շանս այս ուժերը չունեն.
«Փողոցի միջոցով իշխանություն վերցնել հնարավոր է միայն այն դեպքում, եթե ժողովրդի մեծ մասը համաձայն է օրակարգի հետ, և, մյուս կողմից, այդ մեծ մասը չի կարողանում իր իրավունքներն իրացնել նորմալ, օրինական ընտրությունների միջոցով»։
Քաղաքագետը վստահ է՝ ընդդիմության իրական նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ արտաքին կենտրոններին ցույց տալը, որ դեռևս քաղաքական ռեսուրս ունեն.
«Իրական նպատակն, իմ կարծիքով, այն է, որ այս մարդիկ ցանկանում են ցույց տալ դրսի ինչ-որ ուժերի, կոնկրետ այս դեպքում՝ Ռուսաստանին, թե իրենք այնքան էլ անմեղսունակ չեն, այնքան էլ ամեն ինչից կտրված չեն և պատկերացնում են, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում։ Ուղղակի կա մի իրավիճակ, որում շատ բան իրենցից կախված չէ, և իրենք էլ փորձում են անել այն, ինչ կարող են։ Հավանաբար, որպեսզի չկտրվեն ռեսուրսներից, չկորցնեն իրենց հնարավորությունները Ռուսաստանի հետ, և որպեսզի Ռուսաստանը շարունակի աջակցել իրենց»։
Ըստ Ղևոնդյանի՝ նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերը վերցնեն մանդատները և մտնեն Ազգային ժողով, քաղաքական հիմնական որոշումները Հայաստանում չեն կայացվելու։ Քաղաքագետը նաև համոզված է՝ զանգվածային փողոցային պայքարի համար անհրաժեշտ մարդկային ռեսուրս ընդդիմությունը չունի։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ցանցային պայքարի համար անհրաժեշտ է առնվազն 100-150 հազար մարդ, մինչդեռ, նրա համոզմամբ, այսօր 20-30 հազարից ավելի մարդ փողոց դուրս չի գա։
Մանրամասները՝ տեսանյութում։
