Հայկական ելակը ՌԴ է արտահանվում թուրքական ապրանքանիշի ներքո. ԶԼՄ – armeniatoday.am

Ռուսական շուկայում հայկական ելակի ներմուծման սահմանափակումներից հետո, հայ որոշ արտադրողներ արտադրանքը տեղափոխում են Վրաստան և այնտեղից թուրքական ապրանքի անվան տակ արտահանում Ռուսաստան, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ արտահանման այս այլընտրանքային եղանակից օգտվում են նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոցային տնտեսությունները։

Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։

Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։

Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել է 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել է 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։

Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։

Կարդացեք նաև

Ծաղիկները սպասում են ընտրություններին

Leave a Comment