Հարկային օրենսգրքում եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը նպատակ ունի վերանայել առեւտրային բանկերի հարկային միջավայրը: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հունիսի 17-ին հրավիրված ԱԺ հերթական նիստի ժամանակ:
Փոխնախարարը, ներկայացնելով նախագիծը, հիմնավորել է, որ բանկային ոլորտի հարկային կարգավորումները միջազգային պրակտիկայում ունեն իրենց առանձնահատկությունները՝ պայմանավորված բանկային ծառայությունների մեծ մասի՝ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատված լինելու հանգամանքով: Փոխնախարարի խոսքով նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել համարժեք հարկում՝ առանց բանկային ծառայությունների գների թանկացման, որպեսզի հարկային բեռը չփոխանցվի քաղաքացիներին եւ գործարար շրջանակներին:
Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից բանկերի կողմից ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափը գործող 5 տոկոսից բարձրացնել մինչեւ 15 տոկոս: Միաժամանակ, վերացվում է այն գործող արտոնությունը, որով շահաբաժնից պահված հարկը հետ է վերադարձվում, եթե գումարը վերաներդրվում է բանկի կանոնադրական կապիտալում: Անցումային փուլում՝ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակից, բաշխվող շահաբաժինների նկատմամբ կկիրառվի պետական տուրք:
Նախագծում տեղ է գտել նաեւ խրախուսական դրույթ. բանկերը կկարողանան պահպանել շահաբաժնի հարկման 5 տոկոս դրույքաչափը կամ ազատվել պետական տուրքից, եթե իրենց բաժնետոմսերը ցուցակեն Կառավարության կողմից սահմանված հեղինակավոր միջազգային ֆոնդային բորսաներում: Ակնկալվում է, որ այս մեխանիզմը կխթանի բանկերի բաժնետիրացումը, կբարձրացնի ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաեւ պետական բյուջե կապահովի լրացուցիչ հարկային մուտքեր:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշել է, որ նախագիծը քննարկել են երկու տարուց ավելի, եւ քննարկումների հիմնական առանցքում եղել է այն հարցը, թե ինչպես անել, որ հարկային փոփոխությունները չծանրանան բանկային համակարգից օգտվողների ուսերին:
«Այս ընթացքում թե՛ Ազգային ժողովում, թե՛ Կառավարությունում, Կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի մասնակցությամբ քննարկվել են տարբեր տարբերակներ, եւ արդյունքում ընտրվել է այս մեկը, որը մենք համարում ենք առավել հավասարակշռված»,- ընդգծել է նա, ապա հավելել, որ նախագծով արտոնյալ պայմաններ են սահմանվում այն դեպքերի համար, երբ բաժնետոմսերը պատկանում են ոչ թե խոշոր ընկերություններին կամ մեծահարուստներին, այլ ավելի փոքր եւ քանակով ավելի շատ անձանց: