«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ոչ թե առանձին ընտրատեղամասերի արդյունքները, այլ ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը։
Կուսակցության ղեկավար կազմը պնդում է, որ խնդիրը երեք տեղամասերում արձանագրված խախտումները չեն, այլ ամբողջ ընտրական գործընթացի վերաբերյալ առկա լուրջ հարցադրումները.
«Խոսքը վերաբերում է ամբողջական պրոցեսին։ Այո՛, մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, որպեսզի տրվի ամբողջական և դետալներով գնահատական, թե ինչ է եղել ընտրություններին, ինչն է ազդել ընտրությունների վրա, ովքեր են եղել մասնակիցները և ինչ իրավունք ունեին լինելու ընտրություններում, ի՞նչ ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը, արտաքին միջամտությունը»։
Մեհրաբյանի խոսքով՝ դատարանը պետք է գնահատի նաև, թե որքանով են օրինական եղել այն քաղաքական ուժերի գործողությունները, որոնք, նրա համոզմամբ, օգտվել են արտաքին աջակցությունից և ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նա պնդում է, որ ընտրողների առաջ դրված ընտրությունն իրականում ձևախեղված է եղել.
«Ընտրությունը Հայաստանում, այո՛, ձևախեղվել էր։ Հայաստանի քաղաքացուն դրել էին ընտրության առաջ՝ Հայաստանի Հանրապետությո՞ւնը, կո՞ղմ ես, որ լինի, թե՞ տերը դառնա Պուտինը՝ քո փոխարեն»։
Կուսակցությունում համոզված են, որ խորհրդարան անցած որոշ ուժերի լեգիտիմության հարցը պետք է վերանայվի։ Ավելին՝ նրանք պնդում են, որ այդ ուժերը չպետք է մասնակցեին ընտրություններին, քանի որ նրանց իրավական կարգավիճակի շուրջ առկա են հիմնարար խնդիրներ։
Մեհրաբյանը հիշեցնում է հակակոռուպցիոն մարմինների բացահայտումները՝ նշելով, որ տասնյակ դեպքեր են արձանագրվել ընտրակաշառքի վերաբերյալ։ Սակայն, ըստ նրա, մինչ օրս առանց պատասխանի է մնում ամենակարևոր հարցը՝ ում միջոցներով է իրականացվել այդ գործընթացը.
«Ո՞ւմ փողն էին բաժանում էս մարդիկ, կա՞ այդ հարցը, հարցադրումը կա՞, թե՞ չկա. իսկ եթե կա, դրա պատասխանը կա՞, թե՞ ոչ. իսկ դրա պատասխանը եթե չկա, պետք է լինի՞, թե՞ ոչ, սրանք օդում կախված հարցեր են։ Եվ առանց այլևայլության պետությունը պարտավոր է այս հարցի պատասխանները պաշտոնապես ամրագրված, փաստաթղթավորված տալ, և մենք հենց այդ պատճառով դիմում ենք Սահմանադրական դատարան»։
Կուսակցությունը Սահմանադրական դատարանից ակնկալում է համակողմանի քննություն և որոշում, որը, նրանց համոզմամբ, կարող է հիմք դառնալ ընտրական օրենսդրության և ազգային անվտանգության մեխանիզմների վերանայման համար։
Թե արդյոք Սահմանադրական դատարանը վարույթ կընդունի դիմումը, և ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ այն, պարզ կդառնա հայցի պաշտոնական ներկայացումից հետո։
Մինչ այդ, իրավապաշտպան և հասարակական գործիչները փորձում են գնահատել հնարավոր զարգացումները։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ նման իրավիճակի նախադեպ Հայաստանում փաստացի չի եղել.
«Առաջին անգամ է, երբ պետական իշխանությունն է ընտրակաշառքի փաստերը հավաքել և հրապարակել։ Նախկինում Սահմանադրական դատարան ուղղված դիմումների հիմքում ընկած են եղել ընդդիմադիր ուժերի հավաքած տվյալները, դիտորդական առաքելությունների դիտարկումները կամ լրատվամիջոցների հրապարակումները։ Այս մի դեպքում լրիվ հակառակ պատկերն է՝ իրավապահ համակարգը հավաքել է ահռելի թվով տեղեկություններ ընտրակաշառքի մասին»։
Բարսեղյանի կարծիքով՝ եթե այդ տվյալները հաստատվեն, ապա կարող են հիմք դառնալ ոչ միայն ընտրությունների արդյունքները վիճարկելու, այլև ավելի լայն իրավական գործընթացներ նախաձեռնելու համար.
«Կարող է պահանջվել ընդհանրապես վերաքվեարկություն ամբողջ երկրի տարածքով մեկ կամ ընտրությունները համարել չկայացած՝ նոր ընտրություն հայտարարելու պահանջ ունենալ, բայց Սահմանադրական դատարան… ներողություն, Սահմանադրական դատարանի դատավորները էդ փաստերը ուսումնասիրելու և հաշվի առնելու, դրանց վրա հենվելու կամ չհենվելու համար, ըստ երևույթին, կարիք կունենան մասնագիտացած փորձագիտական խմբի»։
Սակայն առանցքային հարցը, ըստ Բարսեղյանի, մնում է նույնը՝ որքանով է ընտրակաշառքն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։
Բարսեղյանի դիտարկմամբ՝ քննության շրջանակում արդեն հարյուրավոր անձինք ներգրավված են տարբեր կարգավիճակներով, սակայն ամենակարևոր հարցը դեռևս բաց է մնում՝ արդյոք հնարավոր կլինի ապացուցել կապը ընտրակաշառք բաժանողների և քաղաքական ուժերի ղեկավարների միջև.
«Եթե այդ մեղադրյալներն իրենց ցուցմունքներով կամ Հակակոռուպցիոն կոմիտեի քննության արդյունքներով գնան, հասնեն կուսակցությունների գլխավոր դերակատարներին, ու պարզվի, որ կա օրգանական կապ կուսակցությունների, որոշում կայացնողների, թեկնածուների և այդ բաժանողների միջև, այդտեղ ակնհայտ է, որ ազդեցություն կա, իսկ ազդեցության չափը կարող է որոշել միայն դատարանը»։
Բարսեղյանը նաև ընդգծում է, որ ընտրակաշառքի համար պատասխանատվությունը չպետք է սահմանափակվի միայն անմիջական կատարողներով։ Նրա համոզմամբ՝ պատասխանատվության շրջանակում պետք է դիտարկվեն նաև այն անձինք, որոնք այդ գործընթացից քաղաքական շահ են ստացել։
Ըստ նրա՝ եթե ապացուցվի ընտրակաշառքի համակարգային բնույթը, ապա հարցականի տակ կարող է դրվել ոչ միայն առանձին թեկնածուների, այլև ամբողջ խորհրդարանի ձևավորման լեգիտիմությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
