ԿԸՀ-ն թույլատրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցել – armeniatoday.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը:

Ըստ փաստաբանի ներկայացրած տեղեկությունների՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները վերաբերում են 2004-2009 թվականների իրադարձություններին։

Պաշտպանական կողմի տվյալներով՝ մեղադրանքը կապված է կրթական հաստատության գույքի օտարման գործարքի հետ։ Փաստաբանի խոսքով՝ քննությունը պնդում է, որ միլիարդավոր դրամների արժեք ունեցող գույքը վաճառվել է 12 մլն դրամով, իսկ հետագայում վերադարձվել է Քոչարյանի ընտանիքի անդամին։

Օրբելյանը, սակայն, պնդում է, որ գույքի օտարման որոշումը կայացվել է կառավարության կողմից, որի կազմում Քոչարյանը չկար, իսկ նախագահի կողմից դրա վավերացումը պայմանավորված էր 1995 թվականի Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով։

Օրբելյանի խոսքով՝ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար՝ առանց քննարկելու ներկայացված իրավական փաստարկները։

Փաստաբանը նշել է, որ պաշտպանական կողմը հանձնաժողովին ներկայացրել է տվյալներ, որոնք, նրա գնահատմամբ, հերքում են մեղադրանքի հիմքում ընկած որոշ պնդումներ։ Նա նաև պնդել է, որ ԿԸՀ-ն միաձայն որոշումներ է կայացնում և փաստացի չի գնահատում գործի նյութերի բովանդակությունը։

Հունիսի 16-ին Գլխավոր դատախազությունը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով։

Կարդացեք նաև՝

Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելվել է. նրա գրասենյակը որոշումն ապօրինի է անվանել

Leave a Comment