CNN-ը հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի հավանական նախագիծը, որը նախատեսվում է պաշտոնապես ստորագրել Շվեյցարիայում: Փաստաթուղթը, որը պատրաստվում են ստորագրել Ջեյ Դի Վենսը և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, նպատակ ունի 60-օրյա ժամկետում հասնելու վերջնական համաձայնագրի, որը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։
Հուշագրի 14 կետերը.
- Ռազմական գործողությունների դադարեցում. Պատերազմի անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանը) և հրաժարում թշնամական գործողություններից ու ուժի սպառնալիքից։
- Ինքնիշխանության հարգում. Կողմերը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և չմիջամտել ներքին գործերին։
- Բանակցային ժամկետ. Վերջնական համաձայնագրի կնքում առավելագույնը 60 օրվա ընթացքում։
- ԱՄՆ-ի պարտավորություններ. ԱՄՆ-ն պետք է վերացնի ծովային շրջափակումը, դադարեցնի Իրանի նկատմամբ խոչընդոտները, իսկ վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում՝ դուրս բերի ուժերը տարածաշրջանից։
- Նավագնացության վերականգնում. Իրանը պարտավորվում է 30 օրվա ընթացքում վերականգնել առևտրային նավերի տեղաշարժը Պարսից ծոցի և Օմանի ծովի միջև։
- Տնտեսական զարգացում. ԱՄՆ-ն և գործընկերները պարտավորվում են Իրանի վերականգնման համար ներդնել առնվազն 300 միլիարդ դոլար։
- Պատժամիջոցների վերացում. ԱՄՆ-ն պարտավորվում է վերացնել բոլոր պատժամիջոցները (ՄԱԿ-ի, ԱԷՄԳ-ի և ԱՄՆ-ի միակողմանի)՝ համաձայնեցված ժամանակացույցով։
- Միջուկային զենքի բացառում. Իրանը վերահաստատում է, որ երբեք չի արտադրի միջուկային զենք, իսկ հարստացված նյութի և այլ միջուկային հարցերի ճակատագիրը կորոշվի վերջնական համաձայնագրով։
- Ստատուս քվո. Մինչև վերջնական համաձայնագիրը՝ Իրանը պահպանում է միջուկային ծրագրի ներկայիս վիճակը, իսկ ԱՄՆ-ն չի կիրառում նոր պատժամիջոցներ և չի հզորացնում ուժերը։
- Առևտրային արտոնություններ. ԱՄՆ-ն ֆինանսական արտոնություններ (waivers) կտրամադրի իրանական նավթի, նավթաքիմիական ապրանքների արտահանման և դրանց հետ կապված բանկային/տրանսպորտային ծառայությունների համար։
- Ակտիվների ազատում. Իրանի սառեցված ֆոնդերը և ակտիվները աստիճանաբար կազատվեն և լիովին հասանելի կդառնան Իրանի Կենտրոնական բանկին։
- Մշտադիտարկում. Համաձայնագրի կատարումը վերահսկելու համար կստեղծվի հատուկ մեխանիզմ։
- Բանակցությունների փուլայնություն. 4, 5, 10 և 11-րդ կետերի կատարման սկզբից հետո կողմերը կանցնեն վերջնական համաձայնագրի մնացած մասի շուրջ բանակցություններին։
- ՄԱԿ-ի հաստատում. Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։
