«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է արել միավորվել այն ուժերին, որոնք հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով Հայաստանի ապագան վտանգված են համարում։ Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ կուսակցությունը ընդգծել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ հերթական ընտրությունները «ոչ միայն չհանգուցալուծեցին, այլ էլ ավելի խորացրին և բորբոքեցին» ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամը։
«Ժառանգությունը» նաև հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այլևս չունի լեգիտիմ աջակցություն՝ նշելով, որ նույնիսկ, իրենց ձևակերպմամբ, «նկարված թվերն ու տոկոսները» ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների 50 և ավելի տոկոսը չի աջակցում իշխանության քաղաքական ծրագրին և օրակարգին։
Կուսակցության գնահատմամբ՝ դրա մասին են վկայում նաև ընտրությունների անցկացման պայմանները։
«Ժառանգությունը» պնդել է, որ ընտրություններն անցել են անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի չարաշահման և իրավապահ համակարգի աչառու վերաբերմունքի պայմաններում, ինչը, ըստ կուսակցության, էական ազդեցություն է թողել քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։
Կուսակցությունը խնդրահարույց է համարել ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրության թվերն ու տոկոսները՝ հայտարարելով, որ դրանք չեն համապատասխանում քաղաքացիների կամքին և իրավական վիճարկման տարրեր են պարունակում։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին։ ԿԸՀ-ի վերջնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 49,7456 % (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,9231% (144 983 ձայն)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4%-ի շեմը։
Հունիսի 16-ին «Միասնության թևերը» միացել է ընտրությունների արդյունքները չճանաչելու պահանջին։ Հայտարարությունն ստորագրել են «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին սպառնացել է ընդդիմադիր ուժերին զրկել գործունեությունից։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում
«Կեղծ», «մասամբ՝ արդար», «ՀՀ-ի մահապատիժն էր»․ քաղաքացիները՝ ընտրությունների մասին