Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ. Ղազինյան

Սա իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ՝ որպես այդպիսին. տեսել եք՝ մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ, համոզված եմ, որ համաձայնությունը տալու են։ Այս մասին այսօր ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը։

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն այսօր քննում է վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

«Սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ։ Տարբեր անոնսները տվել են արդեն, այնպես որ զարմանալի չէ»,-ասաց նա՝ «Ուժեղ Հայաստան»-ին ընտրած քաղաքացիներին կոչ անելով իրենց ընտրությանը և երկրին հավատարիմ մնալ։

«Ես համոզված եմ, որ հաղթանակ անպայման լինելու է։ Ինչ վերաբերում է մեր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել փոքրիկ խմբակին, համոզված եմ, որ մոլորության մեջ են։ Իրենք էլ են մերը, և ունենալու ենք անպայման շատ ուժեղ Հայաստան, որպեսզի այսպիսի բաներ չլինեն»,-ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը, որտեղ ասվում է՝ «Ղազինյան Դավոն 1.400.000 դրամ տվել է Արմանին», Դավիթ Ղազինյանն ասաց.

«Ենթադրում եմ՝ Արմանը ինձ շատ մտերիմ անձ է, ենթադրում եմ՝ եթե այդ Արմանի մասին է խոսում։ Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել։ Դուք էլ եք տեսնում, որ ձայնագրության մեջ գլխավոր դերում մաքրուհին է։ Միշտ հումորով ասում եմ՝ լավ է, որ չեն ասում՝ ասել է այս 1.4 միլիոնը ուրիշ բանի վրա չծախսեք հանկարծ, սա միայն ընտրակաշառքի գումար է։

Այսինքն՝ չկա այստեղ իրավական ոչ մի բան։ Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ ով ում է տվել, ինչ է արել։

Նախ, եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, այսինքն ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին ու ասել եմ՝ սա ընտրակաշառքի գումա՞ր է։ Աբսուրդ է»։

Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հավանականությանը, Ղազինյանն ասաց.

«Որևէ մեկից որևէ իրավական բան չեմ սպասում, որևէ մարմնից, նամանավանդ այս չակերտների մեջ «անկախ» մարմնից։ Այնպես որ այս պրոցեսին բոլորս էլ պատրաստ ենք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

Leave a Comment