ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, միջանձնային բոլոր կապերն իրենց դերակատարումն ունենալու են և ռուսական շուկան վերաբացվելու է Հայաստանի համար։
«Ես այլ կերպ չեմ պատկերացնում երկու ռազմավարական գործընկեր պետությունների հարաբերությունները։ Այո, հիմա կան որոշակի հարցեր, բայց ես կարծում եմ, որ այդ հարցերը կարող են լուծվել և պետք է լուծվեն, և կրկնում եմ՝ մեկ տնտեսական միության մեջ գտնվող երկրները կարող են ունենալ խնդիրներ, բայց նաև հենց այդ տնտեսական միությունը պետք է օգնի, որպեսզի դրանք լուծվեն»,- «Արմենպրեսին» ասել է նա։
Պապոյանը նաև արձագանքել է ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությանն այն մասին, թե հայկական կողմն իր ղեկավարած կառույցի կողմից ուղարկված նամակներն անպատասխան է թողնում։
Նա բացառել է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության պետական որևէ մարմնից իր գլխավորած նախարարությունը ստանա նամակ, որին ոչ միայն չպատասխանի, այլև ըստ պատշաճի ուշադրություն չդարձնի կամ էլ համապատասխան արձագանք չհնչեցնի։
«Ես բացառում եմ, որ մենք Ռուսաստանի Դաշնության մեր որևէ գործընկեր կառույցից ստանայինք նամակ և անպատասխան թողնեինք։ Մենք շատ ուշադիր նորից նայել ենք ամբողջ համակարգում, այդպիսի չպատասխանած նամակ մենք չունենք»,- վստահեցրել է Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ միայն առաջիկա մեկ ամսվա ընթացքում երկու այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ հանդիպելու տարբեր գործընկերների հետ։
«Նախատեսված են հանդիպումներ երկու տարբեր գործընկերների հետ։ Այդ հարցերը կլուծենք, կքննարկենք, որովհետև ես կարծում եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է և պետք է քննարկել սեղանի շուրջ, և բոլոր հարցերը հնարավոր է լուծել ՌԴ-ի հետ համակարգված աշխատանքի արդյունքում»,-ընդգծել է Պապոյանը։
Խոսելով ռուսական սահմանափակումների ֆոնին Եվրոպական միության կողմից այս ոլորտում Հայաստանին առաջարկվող աջակցության ու հայ արտահանողների համար տնտեսական նոր հնարավորությունների բացման մասին, Պապոյանը նշել է, որ բարձր են գնահատում ԵՄ աջակցությունը, բայց, իրենց նպատակը դեպի Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ։
