Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչված երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ապահովման տեսանկյունից, հայտարարել է «Ականատես» դիտորդական առաքելությունը։
Նշվում է, որ վերաքվեարկության չնշանակումը փաստացի խաթարում է խորհրդարանական մանդատների բաշխումը, ձևավորվող Ազգային ժողովի կազմը և ներկայացուցչականությունը։
Անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների և միջազգային ստանդարտների վկայակոչմանը՝ առաքելությունն ընդգծել է, որ ընտրական վարչարարության հիմքում չեն կարող դրվել միջազգային փաստաթղթերի հատվածական մեկնաբանությունները՝ անտեսելով դրանց հիմնարար սկզբունքները։
«Ականատեսը» նաև խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը:
«Թեև ԿԸՀ-ի կողմից կատարված այն պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ հանրապետական նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության», և հետևաբար՝ վերաքվեարկություն չպետք է անցկացվի, բխեցվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, այնուամենայնիվ, սույն դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին»,- ասվում է հայտարարության մեջ:
