Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո էլ քաղաքական կրքերը չեն հանդարտվում։
ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, չի հաղթահարել անցողիկ շեմը, և ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են՝ թույլ չեն տալու, որ, իրենց ձևակերպմամբ, «մանդատագողություն» լինի։ Արդյո՞ք հետընտրական պայքարը կծավալվի փողոցում, թե՞ ընդդիմադիրները կբավարարվեն ՍԴ դիմելով։ Ընդդիմադիր ուժերը չեն հստակեցնում իրենց անելիքները, թեև, մյուս կողմից էլ, ակնհայտ է՝ եթե մինչև հիմա հանրահավաքներ ու լայնամասշտաբ բողոքի ակցիաներ չեն նախաձեռնել, Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ չեն անի։
Քաղաքագետ Էլեն Հոխիկյանը ևս կարծում է՝ լայնածավալ հետընտրական զարգացումների հավանականությունը փոքր է.
«Լուրջ զարգացումների ականատես չենք լինի, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ կրիտիկական զանգված, որպես այդպիսին, չկա, որը դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքներից և պատրաստ է փողոցում պայքարել դրա համար»։
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում նաև ընտրակաշառքների վերաբերյալ հարուցված քրեական վարույթներին՝ նշելով, որ դրանք ևս ազդում են հետընտրական տրամադրությունների վրա.
«Այն հանգամանքը, որ «տոտալ» ընտրակաշառք է բաժանվել, այսինքն՝ համատարած բնույթ է կրել, ևս հաստատվում է։ Այդ դեպքում չեմ կարծում, որ ընտրակաշառք վերցրած և ընտրակաշառքի դիմաց քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ են փողոցում պայքարել մի բանի համար, որին գաղափարապես առանձնապես հակված չեն հավատալու»։
Radar Armenia-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից հետաքրքրվեց նրանց հետագա քայլերով.
«Ընդդիմադիր խոշոր միավորները գտնվում են կոնսուլտացիաների փուլում, երեկ տարածվեց համատեղ հայտարարություն։ Կոնսուլտացիաները շարունակվում են հետագա քայլերի և գործողությունների շուրջ. մեր հանրությանը, մեր հասարակությանը, մեր ընտրողներին միանշանակ ներկայացնելու ենք հաշվետվություն»։
Խամոյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ընդդիմությունն ունի որոշում մանդատները վերցնելու մասով.
«Այդ հարցը ևս քննարկումների փուլում է գտնվում։ Մենք կարծում ենք, որ դա պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։ Դա միանշանակ է մեզ համար, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»։
Մինչ ընդդիմությունը դեռ որոշում է իր քայլերը, Հոխիկյանը խնդիրը դիտարկում է նաև օրենսդրական հարթությունում։ Նա հիշեցնում է միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, որոնք ընտրությունները համարել են ազատ և մրցակցային.
«Հենց իրենք էին պահանջում անվավեր ճանաչել, բայց հետո սկսեցին բողոքել անվավեր ճանաչելու հանգամանքից։ Բացի դրանից, ես հիշում եմ, որ ընտրություններից անմիջապես հետո առանձնապես բողոքով հանդես չեկան նույն ընդդիմադիրները. այսինքն՝ միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ նրանց չի հաջողվելու մեծամասնություն հավաքել, միայն դրանից հետո սկսեցինք լսել, որ տարբեր ընտրատեղամասերում խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են»։
Մինչ այդ, նկատենք՝ վաղը խորհրդարանը գումարելու է այս կազմով վերջին նստաշրջանը, եթե, իհարկե, հետո արտահերթ նիստեր չգումարվեն։ Ընդդիմադիրները դեռ որոշում չունեն՝ կմասնակցե՞ն, թե՞ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։
