«Ռադար զրույցի» հյուրն է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Խոսելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին՝ Աղազարյանը նշել է, որ այդ թեմայով հետընտրական զարգացումներ չեն լինի։
«Ես չեմ կարող պնդել, որ ընտրությունները կեղծվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ փոխարենը կարող է պնդել՝ ընտրություններն անցկացվել են անհավասար պայմաններում։
«Ծառուկյանի հետ կապված դեպքն արտառոց է, վնասում է լեգիտիմությանը»,- ասել է նա։ Ըստ Աղազարյանի՝ այն երեք տեղամասերում, որտեղ ընտրություններն անվավեր են ճանաչվել, պետք է վերաքվեարկություն նշանակվեր․ «Կարող էին վերաքվեարկություն դնել, ու Ծառուկյանն էլի չհաղթահարեր»,- ասել է նա։
Խոսելով մանդատներ վերցնել-չվերցնելու հարցի մասին՝ Աղազարյանը պնդել է․ «Եթե ԲՀԿ-ն չի անցնում անցողիկ շեմը, միանշանակ ճիշտ է մանդատները չվերցնելը»։
Իսկ հարցին՝ արդյո՞ք ինքը հանդես կգա նման կոչով, նա պատասխանել է․ «Ես չունեմ այն քաղաքական քաշն ու ազդեցությունը, որ կոչով դիմեմ միլիարդատերերին. իրենք թող որոշեն»։
