Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, անհապաղ և վերջնական հրադադար հաստատել, իսկ համաձայնագրի պաշտոնական ստորագրումը նախատեսվում է հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։ Այս ֆոնին, փորձագետների գնահատմամբ, նոր փուլ կարող են մտնել ԱՄՆ–Իրան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և էներգետիկ շուկաների շուրջ զարգացող գործընթացները։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։
-Մոտ երկու շաբաթ առաջ արդեն խոսում էինք այն մասին, որ պայմանավորվածության հասնելու հավանականությունն ավելի մեծ է, քան էսկալացիայի նոր փուլինը, և փաստացի այդպես էլ եղավ։ Սակայն պետք է հիշել, որ ոչինչ հավերժ չէ։ Այս պայմանավորվածությունը նույնպես կարող է ունենալ իր սահմանափակումները, և առկա են բավականին լուրջ խոչընդոտներ։ Առաջին խոչընդոտը Իսրայելն է։ Բոլորս ականատես եղանք, թե ինչպես Բենիամին Նեթանյահուն թույլ չտվեց, որ Դոնալդ Թրամփն իր ծննդյան օրը նշանավորի այս համաձայնագրի կնքմամբ և դրա դիմաց հավելյալ քաղաքական դիվիդենտներ ստանա։ Երկրորդ խոչընդոտը գործընթացի փուլային տրամաբանությունն է։ Խոսվում է 30 և 60-օրյա փուլերի մասին, սակայն մենք դեռ չենք տեսել համաձայնագրի ամբողջական տեքստը։ Ունենք նաև Գազայի օրինակը, երբ առաջին փուլն ավարտվեց, սակայն հետագա զարգացումները մնացին անորոշ։ Այս դեպքում ևս հնարավոր է, որ պատերազմը դադարեցվի, ԱՄՆ-ը մասամբ դուրս գա գործընթացից, Իրանը ստանա որոշ ֆինանսական ակտիվներ, սակայն երկրորդ փուլում, երբ պետք է բանակցություններ ընթանան միջուկային ծրագրի շուրջ, կողմերը չկարողանան համաձայնության գալ։ Այդ դեպքում, վերադառնալով Իսրայելի գործոնին, իրավիճակը կարող է կրկին բարդանալ, և Իրանը չստանա այն երաշխիքները, որոնց ձգտում է։ Խոսքը, մասնավորապես, Իրանի դեմ պատժամիջոցների հիմք հանդիսացած բանաձևերի վերանայման կամ չեղարկման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով նոր փաստաթղթի ընդունման մասին է, որը կարձանագրի Իրանի շուրջ ձևավորված նոր ստատուս քվոն։ Սակայն միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունների պայմաններում այս հարցերի լուծումը և վերջնական համաձայնության հասնելը բավականին բարդ է։
-Եթե Իրանը և ԱՄՆ-ն անցնեն 60-օրյա բանակցային փուլ, ի՞նչ հիմնական կարմիր գծեր կարող են ձևավորվել կողմերի միջև՝ հատկապես միջուկային ծրագրի և տարածաշրջանային ազդեցության հարցերում։
-Դժվար հարց է, որովհետև կողմերի համար ամենազգայուն թեմաներից մեկը հենց Իրանի՝ ավելի քան 400 կիլոգրամ հարստացված ուրանի պաշարն է։ ԱՄՆ-ի համար այդ պաշարների ոչնչացումը կամ միջազգային խիստ վերահսկողության տակ դրվելը կարող է դիտարկվել որպես հիմնական երաշխիք, որ Իրանը չի կարողանա ձեռք բերել միջուկային զենք։ Միաժամանակ Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, կփորձի հասնել նրան, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքներից մի քանիսը՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում, որոշակի ժամկետով մնան սառեցված կամ խիստ սահմանափակված ռեժիմում։ Թե այդ ժամկետը որքան կլինի՝ 6, 10 կամ 15 տարի, արդեն բանակցությունների թեմա է։ Սակայն Իրանի համար հենց այդ հարստացված ուրանի պաշարների ոչնչացումը կարող է լինել կարմիր գիծ։ Թեհրանի տեսանկյունից դա տարիների աշխատանքի և ներդրումների արդյունք է, ինչպես նաև կարևոր բանակցային լծակ։ Հետևաբար, այս հարցում կողմերի դիրքորոշումների միջև կարող են պահպանվել լուրջ տարաձայնություններ, որոնք էլ կդառնան առաջիկա բանակցությունների հիմնական փորձությունը։
-Ի՞նչ դեր կարող են ունենալ Իսրայելը, ինչպես նաև արտաքին խաղացողները՝ Չինաստանը և Ռուսաստանը, այս գործընթացի հնարավոր ձախողման կամ հաջողության դեպքում։
-Հետաքրքիրն այն է, որ այս պատերազմի ընթացքում արդեն տեսանք, թե ինչպես է ավելի հստակ ձևավորվում Իրան–Չինաստան–Ռուսաստան համագործակցության ձևաչափը։ Կարելի էր նկատել, որ գրեթե յուրաքանչյուր կարևոր հանդիպումից կամ նախնական պայմանավորվածությունից հետո Իրանը շփվում էր իր չինացի և ռուս գործընկերների հետ՝ հեռախոսազանգերի կամ հանդիպումների միջոցով, տեղեկացնում էր ընթացքի մասին և մտքեր փոխանակում նրանց հետ։ Այս երկու երկրները կարող են դառնալ ընդհանուր պայմանավորվածությունների կարևոր երաշխավորներ։ Միաժամանակ տեսնում ենք, որ Եվրոպան նույնպես փորձում է դերակատարություն ստանձնել այս գործընթացում։ Կան հայտարարություններ, որ եվրոպական կողմը պատրաստ է մասնակցել համաձայնությունների իրագործմանը և դառնալ գործընթացի մի մասը։ Սակայն դժվար է պատկերացնել, որ Եվրոպան կունենա որոշիչ դեր։ Ամենայն հավանականությամբ, եթե խոսքը վերաբերի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով նոր բանաձևերի կամ որոշումների մշակմանը, ապա այստեղ առանց Չինաստանի և Ռուսաստանի ակտիվ մասնակցության հնարավոր չի լինի առաջ շարժվել։ Հետևաբար, այս գործընթացի հաջողության կամ ձախողման հարցում Մոսկվան և Պեկինը կարող են կարևոր դեր խաղալ։
Լիլիթ Աբրահամյան
