Ձևական աշխտողների գրանցումներ, հանձնաժողովի անդամներ. ի՞նչ մեխանիզմներով է բաժանվել ընտրակաշառք

Ձևական աշխտողների գրանցումներ, հանձնաժողովի անդամներ. ի՞նչ մեխանիզմներով է բաժանվել ընտրակաշառք

Ինչպես հայտնի է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այսօր գրություն է ուղարկել Արդարադատության նախարարին՝ միջնորդելով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել՝ նվազագույնի հասցնելու ընտրական հանցագործությունները։ Փաստաթղթում Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը նաև մանրակրկիտ ներկայացրել է այս ընտրություններում ընտրակաշառքի կիրառված մեխանիզմները։

Հաշվի առնելով թեմայի կարևորությունը, Radar Armenia-ն ներկայացնում է փաստաթղթի համապատասխան հատվածները։

Ըստ այդմ, ընտրակաշառքի բաժանման և քողարկման համար կիրառվել են հետևյալ մեթոդները.

Ձևական աշխատանքի տեղավորում. Քաղաքացիները, ովքեր համաձայնել են ընտրակաշառք ստանալ, ձևականորեն գրանցվել են որպես կուսակցությունների հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց ընկերություններում հաստիքային աշխատողներ։ Իրականում նրանք աշխատանքի չեն հաճախել, աշխատանք չեն կատարել, այլ ստացված «աշխատավարձի» դիմաց պարտավորվել են հավաքագրել ընտրողներ և ապահովել նրանց քվեները։

Նախընտրական շտաբների «աշխատակիցներ». Ընտրակաշառք ստացողները ձևակերպվել են որպես շտաբի ակտիվիստներ, համակարգողներ կամ կամավորներ։ Նրանց վճարվող գումարները ծառայել են որպես ընտրակաշառք, իսկ նրանցից պահանջվել է քվեարկել տվյալ ուժի օգտին և ներգրավել իրենց ընտանիքի անդամներին ու մերձավորներին։

Ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց ներգրավում. Քաղաքական ուժերը տեղամասային հանձնաժողովներում անդամներ և վստահված անձինք են նշանակել ոչ թե մասնագիտական հմտությունների, այլ ընտրողներ հավաքագրելու և վերահսկելու պատրաստակամության համար։ Նրանց տրվող վարձատրությունը պայմանավորված է եղել կոնկրետ թվով ընտրողների քվեարկության ապահովմամբ։

Բազմաստիճան միջնորդավորված համակարգ. Կազմակերպիչները ստեղծել են միջնորդների շղթա, որպեսզի ֆինանսական միջոցների իրական աղբյուրը հեռացվի անմիջական բաշխողներից։ Այս գործում ներգրավվել են այսպես կոչված «թաղային հեղինակություններ», ովքեր իրենց ազդեցությամբ կամ ճնշումներով ստիպել են քաղաքացիներին քվեարկել որոշակի ուժի օգտին։

Ֆինանսական հոսքերի քողարկում.

Գումարները փոխանցվել են արտերկրում գտնվող բանկային հաշիվներից, որպեսզի խուսափեն Հայաստանի բանկային համակարգի վերահսկողությունից։

Օգտագործվել են տնտեսվարող սուբյեկտներ, որոնց միջոցով գումարները կանխիկացվել և բաժանվել են ընտրողներին։

Գումարների տեղափոխման համար օգտագործվել են երրորդ անձանց պատկանող տրանսպորտային միջոցներ։

Կապի համար օգտագործվել են բացառապես ինտերնետային հավելվածներ, իսկ մասնակիցներին տրվել են հրահանգներ՝ իրավապահների հետ շփվելիս հերքել ցանկացած կապ կամ ծանոթություն։ Որոշ դեպքերում կիրառվել են նաև գաղտնալսող սարքերը հայտնաբերող տեխնիկական միջոցներ։

Ոչ դրամական խոստումներ արտերկրի քաղաքացիներին. Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառքից բացի խոստացվել են արտոնյալ վարկեր, ֆինանսական պարտավորությունների կարգավորում կամ աջակցություն դատական և ընտանեկան խնդիրների լուծման հարցում։

Ընդհանուր առմամբ, նախաձեռնվել է շուրջ 122 քրեական վարույթ, որոնք ընդգրկում են Երևան քաղաքը և Հայաստանի բոլոր մարզերը։

Մեղադրյալների թվաքանակն ըստ մարզերի և քաղաքական ուժերի հետևյալն է.

Երևան. Բազմաթիվ մեղադրյալներ բոլոր վարչական շրջաններում (օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա՝ 15, Շենգավիթ՝ 3, Կենտրոն՝ 11 մեղադրյալ «Ուժեղ Հայաստանից»)։
Շիրակ. «Ուժեղ Հայաստան»՝ 28, «Հայաստան» դաշինք՝ 6, «Բարգավաճ Հայաստան»՝ 6 մեղադրյալ։
Լոռի. «Ուժեղ Հայաստան»՝ 23, «Բարգավաճ Հայաստան»՝ 28 մեղադրյալ։
Արարատ. «Ուժեղ Հայաստան»՝ 27, «Բարգավաճ Հայաստան»՝ 3 մեղադրյալ։
Արմավիր. «Ուժեղ Հայաստան»՝ 9, «Հայաստան» դաշինք՝ 3 մեղադրյալ։
Վայոց Ձոր. «Ուժեղ Հայաստան»՝ 15, «Բարգավաճ Հայաստան»՝ 4 մեղադրյալ։
Կոտայք. «Ուժեղ Հայաստան»՝ 11, «Բարգավաճ Հայաստան»՝ 5 մեղադրյալ։

Leave a Comment