ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։ Այս մասին նա հայտնել է X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից առաջ քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Կոսը հայտնել է, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստում անդամ պետությունների հետ կքննարկեն Հայաստանին աջակցելու շարունակականությունը՝ ընդգծելով եվրոպական համերաշխությունը։
«Մենք ֆինանսական աջակցություն կտրամադրենք և կօգնենք, որպեսզի Հայաստանի համար ավելի դյուրին դառնա առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ»,- գրել է ԵՄ հանձնակատարը։
Կոսը նաև հայտնել է, որ հուլիսի 5-ին Երևանում կքննարկի համագործակցության խորացմանն ուղղված կոնկրետ քայլերը։
Նա նաև պնդել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ «ճնշումները շարունակվում են՝ նպատակ ունենալով հեռացնել երկիրը ժողովրդավարական ընտրությունից»։
Հունիսի 4-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների ֆոնին։
