Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը 3 տեղամասում դատարանի որոշումը շրջանցելով վերաքվեարկություն չնշանակելը բացատրել է «տակտիկական քվեարկության» ռիսկով։
Երեք տեղամասում արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մնաց խորհրդարանից դուրս։ Ընդդիմությունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները որակել են որպես կանխամտածված և մատնանշել հանձնաժողովի նախագահի քաղաքական անցյալը, որը նախկինում եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը։ Հանձնաժողովի որոշումն ընդունվել է ընդդիմադիր երեք առաջնորդների հասցեին Փաշինյանի սպառնալիքների ֆոնին։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները բոյկոտել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը և մեղադրել Հովակիմյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «պատվերով» աշխատելու մեջ։
Հովակիմյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրներից մեկը։ 2012–2016 թվականներին նա աշխատել է որպես այն ժամանակվա պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։ 2019–2021 թվականներին Հովակիմյանը եղել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև ընտրվել է ութերորդ գումարման պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հովակիմյանի անդամակցությունը դադարեցվել է 2022 թվականին՝ ԿԸՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում է, որ այդ տեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում վերաքվեարկությունը կարող էր անցնել ընտրությունների՝ արդեն հայտնի նախնական արդյունքների ազդեցության տակ։
ԿԸՀ-ն ընդունում է, որ ընտրողները կարող են քվեարկել՝ հաշվի առնելով արդեն հայտնի արդյունքները և փորձել դրանք «խմբագրել»։
«Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը»,- հայտարարել է Հովակիմյանը։
Ընդ որում, ՀՀ Վարչական դատարանը հունիսի 14-ին մատնանշել էր այդ տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու անհրաժեշտությունը։
ՀՀ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում առանձին տեղամասերում կրկնակի քվեարկություն անցկացնելու վերաբերյալ, եթե այդ միջոցով հնարավոր է վերացնել խախտումների հետևանքները։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին։ ԿԸՀ-ի վերջնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 49,7456 % (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,9231% (144 983 ձայն)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4%-ի շեմը։ Այսպիսով՝ նոր խորհրդարան կմտնի քաղաքական երեք ուժ։
Ընդդիմադիր ուժերը հունիսի 14-ին հանրահավաք էին անցկացրել ԿԸՀ շենքի դիմաց՝ հայտարարելով խախտումների մասին և պահանջելով վերահաշվարկ։
