Դիլիջանում հայցեր են ներկայացվել Ռուբեն Վարդանյանի հետ կապվող ընկերության դեմ

Դիլիջանում հայցեր են ներկայացվել Ռուբեն Վարդանյանի հետ կապվող ընկերության դեմ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես, Դիլիջանի համայնքապետարանը դատարանից պահանջում է լուծել «Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի հետ կնքված 2 պայմանագիրը և չեղարկել ընկերության անվամբ կատարված պետական գրանցումները

«Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի»-ն կապված է գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Դիլիջանի զարգացման ծրագրերի հետ։ Վարդանյանը, որը 2023 թվականի սեպտեմբերից ապօրինի պահվում է ադրբեջանական գերության մեջ, տարիներ շարունակ Դիլիջանում իրականացրել է մի շարք կրթական, զբոսաշրջային և ենթակառուցվածքային ծրագրեր։

Համայնքը հայցերից մեկով պահանջում է լուծել 2016 թվականի ապրիլի 29-ին կնքված պայմանագիրը, որով ընկերությանը տրամադրվել էր Դիլիջան քաղաքի Գետափնյա Աջ փողոց 1/1 հասցեում գտնվող 1303,3 քմ մակերեսով համայնքային հողամասի կառուցապատման իրավունքը։ Հայցով պահանջվում է նաև անվավեր ճանաչել այդ հողամասի նկատմամբ «Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը։

Բացի այդ, համայնքապետարանը երկրորդ հայցով պահանջում է լուծել նաև 2018 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված պայմանագիրը, որով ընկերությանը տրամադրվել էր Դիլիջան քաղաքի Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572,1 քմ մակերեսով համայնքային հողամասի կառուցապատման իրավունքը։ Որպես հետևանք՝ համայնքը պահանջում է անվավեր ճանաչել նաև այդ հողամասի նկատմամբ ընկերության անվամբ կատարված պետական գրանցումը։

Մայիսին Դիլիջանի քաղաքապետարանը դատական ​​հայց էր ներկայացրել Dis Properties բարեգործական հիմնադրամի դեմ, որը նույնպես կապված է Վարդանյանի հետ։ Համայնքը պահանջել էր, որ հիմնադրամը վճարի ավելի քան 63,2 միլիոն դրամ՝ կնքված պայմանագրով նախատեսված վճարովի, բայց չկատարված աշխատանքների համար, որը դադարեցվել էր պարտավորությունները չկատարելու պատճառով։

Leave a Comment