Հայաստանի կառավարության պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ (մոտ 14 միլիարդ 68 միլիոն դոլար)՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ ավելանալով 11 միլիարդ դրամով։ Այս տվյալները Ազգային ժողովում բյուջետային քննարկումների շրջանակում ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նշենք, որ 2018 թվականի համեմատ պետական պարտքի ծավալն աճել է ավելի քան երկու անգամ՝ 6,923 միլիարդ դոլարից հասնելով 14,068 միլիարդ դոլարի
Նախարարի փոխանցմամբ՝ 2026 թվականին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ճշգրտվել է 47,3%-ի մակարդակում, իսկ գերատեսչության միջնաժամկետ նպատակն է պարտքի սպասարկման ծախսերի կշիռը բյուջեի եկամուտներում ներկայիս 12,1%-ից իջեցնել մինչև 10%-ի։
Անդրադառնալով պարտքի ժամկետայնությանը՝ ֆինանսական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մինչև մարումն ընկած միջին ժամկետը կազմում է 6,9 տարի, ինչը ցածր է սահմանված թիրախային ուղենիշից։ Նախարարի պարզաբանմամբ՝ այս մոտեցումն պայմանավորված է միջազգային շուկաներում բարձր տոկոսադրույքներով, ինչի պատճառով կառավարությունն այս փուլում ձեռնպահ է մնում մեծ ծավալով երկարաժամկետ պարտք ներգրավելուց։
Նախարարն անդրադարձել է նաև մակրոտնտեսական ցուցանիշներին՝ հայտնելով, որ 2021-2025 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է 7,9%, իսկ կոնկրետ հաշվետու տարվա ցուցանիշը ճշգրտումից հետո սահմանվել է 7,1%։
Ֆինանսների նախարարի փոխանցմամբ՝ 2025 թվականին հարկային մուտքերի հավաքագրումները հասել են 2 տրիլիոն 725 միլիարդ դրամի, ինչը կազմում է ՀՆԱ-ի 24,1%-ը։ Նրա պարզաբանմամբ՝ այս արդյունքը 1,1 տոկոսային կետով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը, ինչն ապահովվել է հիմնականում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և շահութահարկի հավաքագրման ծավալների ավելացման հաշվին
Բյուջեի ծախսային մասում կապիտալ ծախսերն աճել են՝ հասնելով ՀՆԱ-ի 6,2%-ին՝ ուղղվելով անվտանգության համակարգին, մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին, մինչդեռ ընթացիկ ծախսերը նվազել են մինչև 23,1%։
