Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի մասին • Tribune.am

ԱՄՆ-ն և Իրանը հասել են խաղաղ համաձայնության, կիրակի օրը հայտնել է Դոնալդ Թրամփը։

«Շնորհավորում եմ բոլորին։ Ես լիովին թույլատրում եմ Օրմուզի նեղուցի բացումը և ռազմածովային շրջափակման անհապաղ դադարեցումը։ Աշխարհի բոլոր նավերը, գործարկեք շարժիչները։ Թող նավթը հոսի», — Truth Social-ում գրել է Թրամփը։

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 14 կետից.

  • Ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում։
  • ԱՄՆ-ը պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և հարգել նրա ինքնիշխանությունը։
  • Ծովային շրջափակման ամբողջական վերացում 30 օրվա ընթացքում։
  • ԱՄՆ-ը պարտավորվում է դուրս բերել իր զորքերը Իրանի շուրջ գտնվող շրջաններից։
  • Իրանի համաձայնությամբ 30 օրվա ընթացքում վերագործարկվելու է Օրմուզի նեղուցը։
  • Կասեցվելու են նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց ածանցյալների վաճառքի նկատմամբ պատժամիջոցները, իսկ Իրանին կտրամադրվի լիարժեք հասանելիություն իր ֆինանսական ակտիվներին։
  • ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կտրամադրեն Իրանի վերականգնման ծրագրեր՝ առնվազն 300 միլիարդ դոլարի չափով։
  • 60 օրվա ընթացքում կանցկացվեն բանակցություններ՝ միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու, ինչպես նաև ԱՄՆ-ի առաջնային ու երկրորդային պատժամիջոցներն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի որոշումները վերացնելու նպատակով։
  • Իրանը վերահաստատում է իր հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և պարտավորվում է չարտադրել միջուկային զենք։
  • ԱՄՆ-ը պարտավորվում է չավելացնել տարածաշրջանում իր զորքերի թվաքանակը և չսահմանել նոր պատժամիջոցներ։
  • Վերջնական բանակցությունների 60-օրյա ընթացքում կազատվի Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարը, որի կեսը պետք է տրամադրվի մինչև բանակցությունների մեկնարկը։
  • Կստեղծվի համաձայնագրի իրագործման վերահսկման մեխանիզմ։
  • Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
  • Վերջնական բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չեն ազատվել Իրանի սառեցված միջոցների կեսը, չեն կասեցվել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները և չի վերացվել ծովային շրջափակումը։ Վերջնական համաձայնությունը կվերաբերի բացառապես հարստացված նյութերի և ուրանի հարստացման ճակատագրին, պատժամիջոցների վերացմանն ու Իրանի տնտեսական վերականգնման ծրագրին։ Իրանական հրթիռային ծրագրի և դիմադրության խմբավորումներին աջակցության հարցերը վերջնականապես դուրս են բերվել օրակարգից։

Leave a Comment