Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակ՝ 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում։
Եպիսկոպոս Ավրամին հայտնել է, որ համալիրի տարածքին հասցված հարվածից հետո կազմակերպվել է հնագույն սրբապատկերների և այլ սրբությունների շտապ տարհանում։
«Զանգվածային օդային հարվածի հետևանքով տուժել են բնակելի թաղամասեր, քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաև Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքը՝ Ուկրաինայի եզակի հոգևոր, պատմական և մշակութային սրբավայրը, որը դարեր շարունակ մնում է ուղղափառ կյանքի գլխավոր կենտրոններից մեկը և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասը»,— գրել է նա Ֆեյսբուքում։
Եպիսկոպոսի խոսքով՝ հոգևորականների և փրկարարների համակարգված գործողությունների շնորհիվ հաջողվել է նվազագույնի հասցնել մարդկանց համար սպառնալիքները և փրկել սրբությունները։
«Ներկայումս շարունակվում է հարձակման հետևանքների վերացումը, իրականացվում է պատճառված վնասների գնահատում, և արձանագրվում են միջադեպի բոլոր հանգամանքները»,— հավելել է նա։
Նշենք նաև, որ Կիևին հասված հարվածների հետևանքով սպանվել է 4 մարդ։
