«Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զրկվել է խորհրդարանական մանդատներից։
Կարապետյանը քննադատել է գործընթացը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը հարված է արտաքին մարտահրավերների դեմ մղվող ընդհանուր պայքարին։
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը հակասում է դատական ատյանների կայացրած որոշումներին։
«Այսօր ժողովրդի քվեով ԱԺ անցած ուժին, որը կօգներ մեզ ապահովել մեր պայքարը Ալիևի սահմանադրության դեմ, Ալիևի ծրագրերի դեմ, ուղղակի առանց բացատրության հանեցին ԱԺ-ից՝ չնայած դատարանի ուղիղ որոշմանը։ Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա։ Ունե՞նք իրավունք զիջելու։ Ո՛Չ»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Կարապետյանը հավելել է, որ ստեղծված իրավիճակում ընդդիմությունը մտադիր չէ նահանջել և շարունակելու է հետևողական պայքարը գործող վարչակարգի դեմ։
«Լինելու է դժվար, լինելու է անարդար, բայց սե՞նց դիկտատորներ են ճամփվել։ Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամը։
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչից հետո վերահաշվարկով 4 տոկոսի շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնվել էր խորհրդարանից դուրս, ինչն առաջացրել է ընդդիմադիր դաշտի կոշտ արձագանքը։
Ըստ ԿԸՀ-ի՝ 9-րդ գումարման ԱԺ-ում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 28 մանդատ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին բաժին է հասել 12 մանդատ։ Ընդհանուր՝ 101 մանդատ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4% շեմը։
