Ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն. 6 ուժերի հայտարարությունը – armeniatoday.am

Հայաստանի ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։

Հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները։

Հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ընթերցել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

Ընդդիմադիրները ընտգծել են, որ ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։

Ուժերը համատեղ արձանագրում են, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ, ինչն էական ազդեցություն է ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

Հայտարարության մեջ առանձնացվել են խախտումների մի քանի հիմնական ուղղություններ։

Մասնավորապես, նշվել է վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման և պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին, որոնք զուգորդվել են աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքներով՝ խաթարելով հավասար մրցակցային պայմաններն ու ստեղծելով կախվածության մթնոլորտ։

Բացի այդ, ըստ ընդդիմադիրների, նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է քաղաքական հետապնդումների, անհիմն ձերբակալությունների և կալանավորումների ալիքով՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և սերմանել համատարած վախի մթնոլորտ։

Քաղաքական ուժերն ահազանգել են նաև ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտման մասին։ Նրանք պնդում են, որ քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը իրավապահ մարմինների իրականացրած խուզարկություններն ու կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների կաթվածահարմանը։

Դրան զուգահեռ, հանրային և իշխանամետ մեդիառեսուրսներն օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման նպատակով։

Հայտարարության հեղինակներն առանձնահատուկ ուշադրություն են հրավիրել ձայների հաշվարկի և ընտրողաբար տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման գործընթացին։ Նրանք արձանագրել են քվեարկության արդյունքների կամայական խմբագրման դեպքեր, ինչը զուգորդվել է վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ դեռևս նախքան պաշտոնական տվյալների հրապարակումը։

Ամփոփելով վերոնշյալը՝ 6 քաղաքական ուժերը հայտարարել են, որ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ստույգ արդյունքները, ուստի նման պայմաններում արձանագրված թվերը չեն կարող դառնալ լեգիտիմ իշխանության ձևավորման հիմք։ Նրանք ընդգծել են, որ երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։

Ընդդիմադիրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ գործելու բացառապես Սահմանադրության և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ հանուն քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքի և Հայաստանի պետականության պաշտպանության, և հավելել են, որ իրենց ապագա որոշումներում ելնելու են բացառապես այս իրողություններից։

Leave a Comment