Ցոփ ու շվայտ կյանքով ապրող մեր քաղաքական էլիտան նորից սկսել ու շարունակում է մի դիսկուրս, որը տարիներ շարունակ մեր երկրի կառավարման օպերացիոն համակարգն էր և դարձավ Արցախի անպատասխանատու ու թեթևասահ կործանման պատճառ։
Հիմա գանք հերթով։ Երբ կնքվել էր 1994 թ. հրադադարը, սա մեզ մոտ արագ ձևակերպվեց որպես մեծ հաղթանակ, ու շատ արագ մոռացության տրվեց բուն քաղաքական բովանդակությունը. այն, որ ԼՂԻՄ-ը լավագույն դեպքում կարող է ձգտել ինքնավարության, որ Ադրբեջանն ունի տարածքային ամբողջականություն, որ հայերը կստանան կյանքի ապահովության երաշխիքներ, բայց կլինեն Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ էքզիստենցիալ խնդիրը հաշվի առնելով՝ կտրվեր նաև Հայաստանին կապող ճանապարհը՝ որպես հույսի շող։
Ի՞նչ եղավ իրականում. ներշնչվեց Ղարաբաղի դե յուրե անկախության անիրականանալի գաղափարը, թալանվեց ոչ միայն ՀՀ-ն, այլև հենց ինքը՝ Արցախը, արժեզրկվեցին բոլոր մեծ գաղափարները, քաղաքական համակարգը դարձավ ինֆանտիլների դրսևորման հարթակ։
Ո՞րն էր հիմնական խնդիրը. հասկանալ և ընդունել, որ այս կյանքում ամեն ինչ ունի չափ։ Ինչպես մարդու լեզուն ու էներգիան, այնպես էլ պետությանը վերաբերող ամեն ինչ ունի չափ։ Սա պարզունականացնենք՝ պետությունն ունի սահման, պետություններն ունեն սահմաններ։ Այս դեպքում օրինակն ուղղակի Հայաստանի և Ադրբեջանի մասին է։ Եթե Ադրբեջանն էլ ունի սահման, ապա հենց այդ սահմաններում է եղել ԼՂԻՄ-ը, որը պետք էր ֆիքսել, ապահովել ավելի ամուր ինքնավարություն և ոչ թե տրվել ցնորամտության, որի զոհը փորձում էին դարձնել նաև Հայաստանի Հանրապետությանը։
Սա Հայաստանի և Ղարաբաղի հակադրություն չէ, սա խաղի պարզ կանոն է, որը մեզ երբեք մարդավարի ու տևական ժամանակ չեն բացատրել։ Իսկ ինչո՞ւ չեն բացատրել. որովհետև սա մեծ հոգս ու պատասխանատվություն է։ Սա քաղաքական էլիտայի ձեռքի գործիքն է եղել՝ իշխանության մնալու համար անընդհատ շահարկել ու սպառել հասարակությանն ու պետությանը՝ կամա թե ակամա։
Գանք կուլմինացիային. չափի զգացողության պահը հիմա էլ չի անցել։ Կա միայն մեկ մեծ տարբերություն. այն ուժերը, որոնք տարիներ շարունակ իշխանության էին, հիմա արդեն ընդդիմության դիրքերից են մեծախոսում, դատարկախոսում ու վայրահաչում, թե «ի՞նչ սահման, ի՞նչ բան»։ «Թշնամին եկել է տանի մեր ունեցածը, զենքն է սահման գծողը» և այսպիսի միջնադարյան ու շատ ավելի վաղ շրջանի զառանցանքներ։ Երբ հարցնում ես. «Բա ըստ ձեզ, լավ, ՀՀ-ի սահմանը ո՞րն է, ինչքա՞ն է ախր», զրույցն անմիջապես անլրջացվում է, ու շարժվում են առաջ՝ «ապրել-մեռնելու ժամանակներ են, դու եկել, մեզ ասում ես սահման, չափ, բան։ Դու էլ ես աչքիս»։ Սա է ամենապարզ վիճակը Հայաստանում։ Բայց, ի վերջո, մենք կորցրել ենք ամեն ինչ Արցախում՝ չափի զգացում չունենալու պատճառով։
Չափի զգացողության հերթական կորուստն այլևս ինքնավարության կորուստ չէ, հայաթափում չէ, այլ կարող է արժենալ պետության կորուստ։ Եթե դու խաղի կանոնը հաշվի չես առնում, գործի են անցնում քաղաքական դաստիարակները, որոնք քեզ նայում են ոչ թե որպես չարաճճի, այլ՝ որպես անկառավարելի երեխայի. ոչ թե բամփում են գլխիդ, որ զգոնանաս ու ձգվես, այլ ուղղակի հեռացնում են շենքից։ Դու լավագույն դեպքում կարող ես դրսևորվել փողոցում՝ որպես փողոցային խուժան կամ տղայական ինչ-որ անորոշ կանոններով։ Հիմա ասածս ինչ է՝ չպետք է կորցնել չափի զգացողությունը, պետք է ուղղակի հասկանալ կամ փորձել հասկանալ, որ ամեն ինչ ունի չափ։ Մենք էլ պետք է, ի վերջո, ունենանք մեր սահմանը, մեր հարևանը, մեր հարաբերությունն ու մեր մտահոգությունը։
Մեզ անհրաժեշտ չեն միջնորդավորված հարաբերություններն ու այլ տեղերում ծագած և հովանավորչություն ստացած գաղափարները։ Ընդդիմության՝ նույն փոցխին կանգնելու տեսլականը պետք է մերժել, իրենց համար սովորական դարձած այդ անմտությունը պետք է մերժել և կենտրոնանալ արդյունավետ ու կենսական, այսրոպեական հարցերը լուծելու վրա։
Ի վերջո, լավ հարևանը վատ բարեկամից լավ է։ Հիմա պետք է գնալ «լավ հարևան» ստանալու բանաձևի հետևից։ Մեր դեպքում մի քիչ բարդ է. խոսքը ոչ թե մեկի, այլ երկուսի հետ այդպիսի հարևանություն ստանալու մասին է, ինչն անհնար չէ՝ հաշվի առնելով, որ դարերով եղել է շատ բանական ու բարեկամական ընկերակցություն։ Պետք է ուղղակի սրանք դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա և կայացնել դրանք։ Ի վերջո, եթե քեզ պետություն ես ճանաչում, պետք է նաև արժանապատվություն ունենաս՝ այս դժվար ճանապարհով անցնելու և կայանալու համար։
