Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա | Radar Armenia

Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա

Հունիսի 15-17-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա՝ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ռուս-թուրքական քաղաքական երկխոսության հետևողական զարգացման գործում առանցքային դեր են խաղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կանոնավոր շփումները։ Անցյալ տարի երկու երկրների առաջնորդները երկու անգամ առկա բանակցություններ են վարել խոշոր միջազգային միջոցառումների շրջանակներում»,- նշվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ կողմերը քննարկելու են Մերձավոր Արևելքի, Սիրիայի, Անդրկովկասի և Սևծովյան տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, էներգետիկ նախագծերի և զբոսաշրջությանը վերաբերող և այլ հարցեր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment