Մեծ համաձայնության համար դեռևս երկար ճանապարհ կա. Գանտահարյան

Մեծ համաձայնության համար դեռևս երկար ճանապարհ կա. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանին շատ ուժեղ հարվածներ հասցնելու մասին, սակայն հետո ասաց, որ չեղարկել է որոշումը։ Ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ Թրամփը նախ այդպես ասաց, ապա՝ ետ կանգնեց որոշումից։

– Նման որոշումների կտրուկ փոփոխությունների նախադեպեր կան։ Այս հանգրվանին մի քանի այլ հանգամանք կա։ Հիմնականն այն է, որ ԱՄՆ-ը ուզում է ավարտել ռազմական գործողությունները։ ԱՄՆ-ում ընտրությունները մոտենում են, և Թրամփն ուզում է Հորմուզի խնդիրը ավարտել, որպեսզի վառելիքի գները նվազեն։ Բայց կա նաև Չինաստանի հորդորը՝ պատերազմն ավարտելու։ Եվ սա կարևոր է․ Չինաստանը պարզ դարձրեց, որ Իրանը Վենեսուելա 2 չի լինելու։

– Միջազգային մամուլը գրում է, որ Իրանն ու ԱՄՆ-ն արդեն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ի՞նչ եք կարծում՝ իրո՞ք կողմերը ամբողջությամբ համաձայնեցրել են վիճելի հարցերը, թե՞ դեռ ոչ։

– Կարծում եմ՝ առժամյա համաձայնության մասին է խոսքը։ Վերջնական համաձայնությունը դեռ չկա, և չեմ կարծում, որ կլինի արագ։ Կլինի, գուցե, 60-օրյա ժամկետով հրադադարի համաձայնություն։ Մինչ այդ կսկսվեն բանակցություններ։ Հիմա այս հանգրվանի մեջ է։

– Որ հարցերն են բարդ համաձայնագրի կնքման հարցում։

– Բարդագույն հարցը, կարծում եմ, Հորմուզի նոր կարգավիճակի խնդիրն է․ առընթեր՝ Իրանի միջոցների ապասառեցումը, հրթիռների արտադրողականությունը և միջուկայինը։ Հանգուցայինը Հորմուզն է, որը կապվում է Չինաստանի հետ։ Պեկինը պարզ դարձրեց, որ պետք է հարգվի Իրանի ինքնիշխան իրավունքը․ իսկ դա վերաբերում է նաև ջրային տարածքների վերահսկողությանը։ Հորմուզից է անցնում Չինաստան հասնող իրանական էներգիան։

– Ըստ ձեզ՝ կողմերը կգնան ստորագրման ու խաղաղության, թե՞ ոչ։ Եվ այս ամենը ինչ հետևանք կարող է ունենալ։

– Հրադադարը կլինի․ բարդ է նախատեսելը, որ հիմնական համաձայնությունը կլինի թե՞ ոչ։ Պատերազմի ձգումը չեմ կարծում, որ բխում է կողմերի շահերից։ Տարբեր է պարագան Իսրայելի, որը չի ուզում շրջանցված լինել հավանական համաձայնությունում։

– Եթե համաձայնություն ձեռք բերվի, այս ամենին ինչպես կարձագանքի Իսրայելը. նրանց սրտո՞վ է համաձայնությունը, թե՞ ոչ։

– Իսրայելը ուզում է երաշխավորել իր անվտանգությունը թե՛ ուղիղ Իրանի, և թե՛ իրանական պրոկսիների առումներով։ Իսկ դա բավական բարդ խնդիր է։ Երբ ԱՄՆ-ը ստանա այն, ինչ իր շահերից է բխում, ապա կճնշի Իսրայելի վրա, որ դադարեցնի կրակը։

Արման Գալոյան

Leave a Comment