ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է կնքվել 24 ժամվա ընթացքում. Պակիստանի վարչապետ

ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը, հավանաբար, վերջնականապես կկնքվի առաջիկա 24 ժամվա ընթացքում, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ դրա ստորագրումը տեղի կունենա էլեկտրոնային եղանակով։ «Մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղության համաձայնագրին [ԱՄՆ-ի և Իրանի միջև]: Հաշվի առնելով, որ գործարքը, հավանաբար, կավարտվի առաջիկա 24 ժամվա ընթացքում, Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո էլեկտրոնային եղանակով խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որին հաջորդ շաբաթ կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցություններ», – գրել է նա X-ում։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրումը տեղի չի ունենա հունիսի 14-ին, բայց չի բացառել, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին։

Հունիսի 12-ին Շարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։ ավելի վաղ Իրանը հրապարակել էր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 14 կետից բաղկացած հուշագիր։ Հունիսի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պատերազմն ավարտելու շուրջ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ հավելելով, որ փաստաթղթերը գտնվում են նախապատրաստման եզրափակիչ փուլում: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Հորմուզի նեղուցը կբացվի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին։

Leave a Comment