Զինվորականները ՊՆ-ից փոխհատուցում ստանալու պահանջով դիմել են դատարան․ ԶԼՄ

Վերջին երեք օրերին հինգ տասնյակից ավելի սպաներ և զինծառայողներ դատական հայցեր են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության դեմ, գրում է «Հրապարակ»-ը։

Ըստ պարբերականի տվյալների՝ նրանք պահանջում են հաշվարկել և վճարել զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդի օրերի, ինչպես նաև ոչ ծառայողական օրերին ծառայություն իրականացնելու դիմաց փոխհատուցումը, իրենց պահանջները հիմնավորում են ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով և ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թվականի հուլիսի 17-ի թիվ 983-Լ հրամանով։

Մասնավորապես, հայցերից մեկով Գագիկ Հունանյանը պահանջում է հաշվարկել և վճարել 9 մլն 996 հազար դրամ, Արտյոմ Մեսրոբյանը՝ 1 մլն 395 հազար դրամ, իսկ Ասքանազ Սահակյանը՝ 5 մլն դրամ փոխհատուցում, գրել է թերթը։

Դատարան դիմելու նպատակն է ապահովել հաշվարկի իրականացումը, այդ թվում՝ այն դեպքերում, երբ հաշվարկը կարող էր թերի կամ ոչ լիարժեք կատարված լինել, գրում է ԶԼՄ-ն՝ հղում անելով Ասքանազ Սահակյանի ներկայացուցիչ Արսեն Անտանոսյանին։

«Եթե դատարան ենք դիմում, նշանակում է՝ վճարումներ չեն կատարվել։ Ծանրաբեռնվածությունը մեծ է, պատկերացրեք՝ զինծառայողների քանակը և մի նախարարություն։ Վճարումներն ուշանում են, մենք էլ իրավական պաշտպանություն ենք իրականացնում»,- ասել է Անտանոսյանը։

Պարբերականի տվյալներով՝ նմանատիպ հայցերով վերջին ամիսներին դատարան են դիմել հարյուրից ավելի զինվորականներ։

Leave a Comment