Տարեգրություն

Տարեգրություն

13.06.2026 | 11:16

1

Շատ մահեր տեսա,

շատ թշնամանք ու պատերազմներ:

Մեղքի խորխորատներ տեսա երկարուձիգ:

Անսանձ ատելություն, անչափ կսկիծ տեսա:

Շատ ուրացում եղավ աչքիս առաջ –

յուրայինների ու բարեկամաց մեջ,

և անպատմելի դավաճանություն:-

Կյանք չէ, այլ վերապրում ճգնավորի:

Ու թե սպասվում է ահեղ դատաստան,

թող այն ահեղ լինի կրկնապատիկ:

2

Շատ նվիրում տեսա, անձնազոհություն,

հավատ ու սեր տեսա, երգ ու բերկրանք,-

փթթուն եզերքներում բյուր ծնունդներ եղան

բարեբաստիկ կամքով ու վերընծա,-

բայց միշտ չարյաց զորքը տապ էր արել մոտիկ –

պատրաստ նոր ջարդերի ու հրկիզման:

3

Ժամանակներն անվերջ փոխեցին երես ու ձայն՝

իրենց ձեռնասուն հորձանքի տակ,

փոխեցին կոչում, վկայագիր – հազար ու մի կերպ,-

Մայր, միայն դու նույն ինքնությամբ

արևի նման փայլեցիր միշտ,

և դու՛, Քույր աստղոտ, շողանքով քո

շաղկապեցիր ինձ սիրո լեռան –

անցյալից մինչև նոր երկինքներ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment