Վճռաբեկը չի ընդունել Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Առստամյանի գործով բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով բողոքը, հայտնում է Ա1+-ը։

Նշվում է, որ բողոք ներկայացրել էր դատախազությունը՝ չընդունելով արդարացման դատավճիռը։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, և Վերաքննիչ քրեական դատարանը արդարացման վճիռ էին կայացրել Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար խուլիգանության մեջ մեղադրվող Առստամյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

2024թ. օգոստոսի 23-ի երեկոյան, երբ վարչապետն այցելել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն, 74-ամյա արցախցի Առստամյանը 9-րդ հարկի իր պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ։ Նույն օրն իրավապահները բերման էին ենթարկել տղամարդուն։

Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել խնձոր նետելու միջադեպի համար, իսկ քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով (ազատազրկման առավելագույն ժամկետը՝ 2 տարի): Ապրիլի 11-ին դատարանը արդարացրել էր նրան՝ գտնելով, որ նրա գործողությունների մեջ չկան խուլիգանության տարրեր։ Դատախազությունը օգոստոսին բողոքարկել էր Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը։

Leave a Comment