Անակնկալ շրջադարձ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկում։ Երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքներ ճանաչվել են անվավեր, և հարցականի տակ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցնելու հնարավորությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Երևանի Նուբարաշեն համայնքի թիվ 10/51 և Սյունիքի Ագարակ քաղաքի թիվ 35/65 ընտրատեղամասերի արդյունքները՝ արձանագրված խախտումների և անճշտությունների հիմքով։
Թիվ 12 ընտրատարածքային հանձնաժողովն էլ թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքներն է անվավեր համարել. այստեղ ընտրությունների օրը բացակայել էր թիվ 8 քվեաթերթիկը։
Այս երեք տեղամասերում քվեարկած 3409 քաղաքացու ձայն հանվել է ընտրությունների ընդհանուր արդյունքներից։ Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին խորհրդարան անցնելու համար պակասում էր մոտ 50 ձայն, կորցրել է ևս 222 ձայն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ պայքարելու է արդյունքների համար։ Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել այլ ուժերի հետ, իսկ կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել ԿԸՀ-ի որոշումը։ Զուգահեռաբար ԲՀԿ-ն բողոքի ակցիաներ է անցկացնում՝ պնդելով, որ պաշտպանում է ընտրողների տված յուրաքանչյուր ձայնը։ Ըստ նրանց՝ սա արվում է, որպեսզի իշխանությունն Ազգային ժողովում ունենա երեք հինգերորդի ներկայացվածություն։
ԿԸՀ-ի մոտ կազմակերպված ակցիայի ընթացքում ընտրացուցակի ութերորդ համար Սուրեն Սուրենյանցը հայտարարեց. եթե տեղամասերի արդյունքները ճանաչվել են անվավեր, ապա ԿԸՀ-ն պետք է անմիջապես հայտարարեր նաև վերաքվեարկության մասին.
«Ասում ենք՝ անվավեր ճանաչել եք, բա ինչո՞ւ կրկնակի վերաքվեարկություն չեք նշանակել»։
Ի՞նչ է լինելու այսուհետ. պետք է վերաքվեարկությո՞ւն նշանակվի այդ երեք տեղամասերում, թե՞ պետք է անվավեր ճանաչվեն ողջ ընտրությունների արդյունքները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի շտապում պատասխանել։ «Ռադար Արմենիայի» հարցին ԿԸՀ-ից նշել են միայն, որ բոլոր հնարավոր որոշումների մասին կհայտարարեն հունիսի 14-ին՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո։
Ընտրություններում մշտադիտարկում իրականացրած Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության մեծ հնարավորություն չունի.
«Եթե դա չազդեր ընդհանուր արդյունքների վրա, գուցե այդպես էլ մնար։ Բայց քանի որ ազդում է, այդ տեղամասերում ակնհայտորեն նշանակվելու է վերաքվեարկություն, որպեսզի պարզ լինի՝ օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանը» շեմը հաղթահարում է, թե ոչ»։
Իոաննիսյանի համոզմամբ՝ կիրակի օրը ԿԸՀ-ն վերջնական արդյունքներն ամփոփելիս չի կարող անտեսել այս հանգամանքը.
«Չի կարող Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների արդյունքներով կիրակի օրը կայացվելիք որոշումը կայացնել այլ կերպ, քան այդ տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշումն է»։
Միևնույն ժամանակ փորձագետը հակասական է համարում որոշ քաղաքական ուժերի արձագանքները.
«Այդքան շատ բողոքում էին այդ երկու տեղամասերում զինվորականների քվեարկությունից։ Դա որակում էին որպես խայտառակ խախտում, իսկ հետո, երբ այդ տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչվեցին, սկսեցին դրանից բողոքել։ Հիմա, երբ «Ուժեղ Հայաստանը» բողոքում է ընտրությունների արդյունքներից, ես, ճիշտն ասած, կասկածում եմ, որ «Ուժեղ Հայաստանն» այդքան էլ երջանիկ չի լինի, եթե ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն, և վերաքվեարկություն նշանակվի արդեն ամբողջ հանրապետությունում»։
Նշենք նաև, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որը ևս անցել է խորհրդարան, պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
