ՀՀ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները արդեն երրորդ տեղամասում

Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 (Աբովյանի մշակույթի տուն, Ն․ Զարյան 12/2) ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր պաշտոնական կայքում։

Ըստ հրապարակված տվյալների՝ տվյալ տեղամասում քվեարկության օրը բացակայել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության թիվ 8 քվեաթերթիկը։

Տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը 809 է, ինչն, ըստ որոշման,արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ, նշել են ԿԸՀ-ից։

Հանձնաժողովի որոշմամբ՝ ընտրական տեղամասի արձանագրության մյուս բոլոր արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվել են զրո։ Տվյալ ընտրական տեղամասի նյութերն ամբողջությամբ ուղարկվել են դատախազություն, հայտնում են ԶԼՄ-ները։

Ընտրատեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն, հավելել են ԿԸՀ-ից:

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։

Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։  Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, «Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ դաշինքը կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները և վերանայել ՔՊ-ի ձայները։ Դաշինքը նաև վերաքվեարկություն է պահանջել այն տեղամասերում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն հունիսի 11-ին անվավեր էր ճանաչել։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

Leave a Comment