ԿԸՀ–ն «Բարգավաճ Հայաստան»-ի պահանջին հստակ պատասխան չի տվել․ Գևորգ Ստեփանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։

Ակցիայի պատճառը հանձնաժողովի կայացրած որոշումն է, որով չեղարկվում են երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ կուսակցության համար փակվում է ԱԺ տանող ճանապարհը։ ԲՀԿ–ն 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջ ներկայացրեց։ Կուսակցության երկու ներկայացուցիչներ ակցիայի ժամանակ մուտք գործեցին ԿԸՀ՝ տեղեկանալու, թե իրենց պահանջի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ԿԸՀ–ն։

ԿԸՀ–ից դուրս գալուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը հայտնել է, որ մինչ այս պահը չունեն վերջնական պատասխան և տվյալներ։

«ՔՊ–ն հունիսի 8-ի գիշերն ասում էր` հաղթել են։ Մեզ ասացին նաև, որ թվերը կներառեն հաշվարկներում` 130 ձայն, չնայած, որ 59-60 ձայն էր մեզ պակասում ԱԺ մտնելու համար։ Երկու ընտրատեղամասում ձայներն անվավեր անելն ապօրինի է, ու 2600 բնակիչ էլ պահանջում է կրկին քվեարկություն անել այնտեղ, քանի որ մարդիկ զրկվել են ձայնի իրավունքից։ Ու այս ամենն արվում է, որպեսզի ԲՀԿ–ն չանցնի խորհրդարան ու ՔՊ–ն ունենա սահմանադրական մեծամասնություն»,– ասել է Ստեփանյանը։

Leave a Comment