ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի օրը խորհրդանշում է ՌԴ քաղաքացիների պատասխանատվությունը երկրի ապագայի նկատմամբ, ինչպես նաև պետության զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու ռուս ժողովրդի ձգտումը։
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բազմակողմ կապերը, ինչպես նաև փոխադարձ ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակելու են նպաստել երկկողմ համագործակցության ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։
Նա նաև Պուտինին մաղթել է հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում։
