Դասական այլանդակություն․ Տոնոյանը՝ ԿԸՀ որոշման մասին – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշոմն ուղղված էր ԲՀԿ-ի դեմ և նպատակ ուներ թույլ չտալ կուսակցության մուտքը Ազգային ժողով։

ԿԸՀ-ն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ գյուղում գտնվող 35/65 և Երևանի Նուբարաշեն շրջանում գտնվող 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

Նա այդ քայլը «դասական այլանդակություն» է անվանել։ «Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ-ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է»,- նշել է Տոնոյանը։

Նրա խոսքով՝՝ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել է մեծ թվով քվեներ, ինչը, ըստ Տոնոյանի, վկայում է ընտրողների ձայների «գողության» մասին և կասկածի տակ է դնում ընտրական գործընթացի օրինականությունը։

Տոնոյանը նշել է, որ կուսակցությունը որոշումը կբողոքարկի և կօգտագործի բոլոր իրավական միջոցները՝ դրա դեմ պայքարելու համար։ Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 13-ին տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն կուսակցության հետագա քայլերը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը հայտնել է, որ քաղաքական ուժը 213 ձայն է կորցրել երկու ընտրատեղամասերի արդյունքները չեղյալ հայտարարելու հետևանքով։

Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան»-ը 10/51 ընտրատեղամասում ստացել է 131 ձայն, իսկ 35/65 ընտրատեղամասում՝ 82 ձայն։

Ստեփանյանը հայտարարել է, որ կուսակցության դեմ «մարտերը շարունակվում են»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ ԲՀԿ-ից 5 մանդատ են գողացել։ Նա շեշտել է, որ դրանով ՔՊ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Հունիսի 10-ին ԲՀԿ-ն հայտնել էր, որ երկու օրվա վերահաշվարկների արդյունքում կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։

Leave a Comment