Radar Armenia-ի «Ռադար զրույց» հաղորդաշարի հյուրն է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։
Անդրադարձել ենք Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին և սպասվող քաղաքական գործընթացներին։
Նորիկյանի խոսքով՝ «Հավակնորդ քաղաքական ուժերի մոտ չձևավորվեց իշխանություն վերցնելու համառություն, վճռականություն, պատրաստակամություն։ Տպավորություն էր, որ բոլորը համակերպված էին այս արդյունքներին, հակառակ դեպքում՝ հնարավոր էր իրականացնել այնպիսի նախընտրական նախապատրաստական աշխատանքներ, որ ձևավորվեր մեկ ուժային առանցք»։
Նա նշել է. «Եթե Ռոբերտ Քոչարյանը չառաջադրվեր, Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեր, Կարգին Հայկոն ու Թաթոյանը չառաջադրվեին, այլ քաղաքական մթնոլորտ կտիրեր, և իրական իշխանափոխության հնարավորության պատուհան կլիներ»։
Ըստ Նորիկյանի՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիների տված ձայնն ընդդիմության դաշտում հավակնություններ դրսևորած քաղաքական ուժերի ու անհատների ջախջախիչ պարտության արգասիքն է։
Նա համոզմունք է հայտնել, որ իշխանափոխության հավակնություններ ունեցող ուժերի մի մասը գտնվել է արտաքին միջամտության ազդեցության ներքո։
«Գագիկ Ծառուկյանն ԱԺ անցնելու դեպքում դառնալու է իրական բոքսի տանձիկ, էլ չասեմ՝ մարդագողության համար խոցելի թիրախ, էլ չասեմ՝ Ծառուկյանի քաղաքական ուժի հետագիծը տալիս է հնարավորություն՝ արձանագրելու, որ իշխանության տեսանկյունից ինքը պոզիտիվ թիրախ է։ Այնքան խոցելի տեղեր ունի, որ իշխանությունը կարող է ճնշել, առևտրի մեջ ներքաշել, ստվերային պայմանավորվածությունների մեջ քաշել»,- ասել է նա։
Նորիկյանի խոսքով՝ ընդդիմության կողմից մանդատները չվերցնելը բերելու է լուրջ խնդիրների. կունենանք խորհրդարանական ճգնաժամ կամ դրան մոտ ինչ-որ բան։
Մանրամասները՝ տեսանյութում։
