Հայաստանը 4 մլրդ դրամով կաջակցի արտահանմանը՝ ՌԴ սահմանափակումների ֆոնին – Նորություններ 11.06.2026

Լուսանկարը` ura.ru

Լուսանկարը` ura.ru

Հայաստանի կառավարությունը մոտ 4 միլիարդ դրամ կհատկացնի թարմ մրգի, գինու, կոնյակի և հանքային ջրի արտահանմամբ զբաղվող ընկերություններին աջակցելու նպատակով: Այս քայլը միտված է օգնելու տեղական արտադրողներին դիվերսիֆիկացնել սպառման շուկաները՝ Ռուսաստանի կողմից ներմուծման պայմանների խստացման ֆոնին:

Աջակցության ծրագիրը պաշտոնապես հաստատվել է գործադիրի հունիսի 11-ի նիստում և նախատեսում է ֆինանսական փոխհատուցում տրամադրել հենց այս ամսվա ընթացքում իրականացված մատակարարումների համար։ Այլընտրանքային ուղղություններ գտնելու հրատապությունը պայմանավորված է վիճակագրությամբ. 2025 թվականին վերոնշյալ ապրանքների արտահանման ընդհանուր ծավալը գերազանցել է 106 միլիարդ դրամը, որի շուրջ 81 տոկոսն ուղղվել է ռուսական շուկա:

Հայկական արտադրանքի միջազգային մրցունակությունը բարձրացնելու նպատակով պետությունը ֆիքսված գումարով կսուբսիդավորի յուրաքանչյուր արտահանված կիլոգրամը կամ լիտրը:

Ֆինանսական միջոցները կբաշխվեն ըստ ապրանքատեսակների: Մասնավորապես, արտահանվող կեռասի յուրաքանչյուր կիլոգրամի համար կվճարվի 400 դրամ, ծիրանի դեպքում՝ 200 դրամ, իսկ սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ։ Ըմպելիքների հատվածում շշալցված գինու մեկ լիտրի փոխհատուցումը կկազմի 350 դրամ, հանքային ջրինը՝ 150 դրամ, իսկ շշալցված բրենդիի մեկ բացարձակ լիտրի դիմաց կտրամադրվի 830 դրամ: Կառավարությունն ակնկալում է, որ միայն հունիսին կարտահանվի մոտ 11,5 հազար տոննա թարմ պտուղ՝ հիմնականում ծիրան, ինչպես նաև մեծ ծավալով ալկոհոլային խմիչքներ և ջուր:

Պետական աջակցությունից օգտվելու համար ռեզիդենտ կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն՝ կցելով մաքսային հայտարարագրերի և հաշիվ-ապրանքագրերի պատճենները:

Կառավարության այս որոշումը հաջորդում է Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված մի շարք առևտրային սահմանափակումներին։ Հունիսի սկզբից Ռուսաստանը ժամանակավորապես փակել է իր շուկան հայկական մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ հնդավոր պտղատուների, սմբուկի, կարտոֆիլի, չրեղենի, ինչպես նաև ձկնամթերքի համար։ Նախկինում նմանատիպ սահմանափակումներ էին մտցվել նաև ծաղիկների, հանքային ջրերի որոշ տեսակների, կոնյակի և գինու մատակարարումների նկատմամբ։

Leave a Comment