Մինչ արևմտյան ու արևելյան մայրաքաղաքները շտապում են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, Մոսկվան շարունակում է խուսափել հստակ դիրքորոշում արտահայտելուց։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընտրություններից անմիջապես հետո շրջանառության մեջ դրեց այն նարատիվները, որոնցով պետք է առաջնորդվեին ռուսական և հայկական պրոռուսական մեդիաակտիվները՝ «աննախադեպ ճնշումներ», «տոտալ կեղծիքներ», Արևմուտքի բացահայտ միջամտություն և այլն։
Ընդ որում, այս հայտարարությունները հնչեցին այն պայմաններում, երբ ԱՊՀ դիտորդական առաքելությունը, այդ թվում՝ ռուսաստանյան ներկայացուցիչները, ընտրությունները գնահատեցին որպես ՀՀ օրենսդրությանը և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող՝ ընդգծելով, որ արձանագրված առանձին խախտումները չեն ազդել արդյունքների վրա։ Սա կամ նշանակում է, որ ռուս դիտորդները չեն համաձայնեցրել իրենց գնահատականները Կրեմլի հետ, կամ ԱՊՀ մյուս երկրների ներկայացուցիչները, մեղմ ասած, անտեսել են Մոսկվայի մոտեցումը։ Բայց էականը դա չէ։
Ինչու է փչվում հաղթանակի փուչիկը
Մոսկվայի հիմնական քաղաքական ուղերձն այն էր, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այլևս չունի իշխանության մենաշնորհ, իսկ Ռուսաստանի հետագա քաղաքականությունը կախված է լինելու Երևանի գործնական քայլերից։ Սա նշանակում է հետևյալը․ Ռուսաստանը չի հասել իր պլան-մաքսիմումին՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, սակայն հասել է պլան-մինիմումին՝ իր սատելիտների միջոցով նրան զրկելով բացարձակ քաղաքական ինքնուրույնությունից։ Միաժամանակ Մոսկվան ազդարարում է, որ պատրաստ է աշխատել գործող իշխանության հետ, եթե վերջինս մեղմի իր պրոեվրոպական կողմնորոշումը կամ Ռուսաստանի շահերը չդիտարկի որպես երկրորդական։
Այսպիսով, ռազմավարական խաղում պարտություն կրելով՝ Կրեմլը մարտավարական դաշտում փորձում է փրկել դեմքը և ստեղծել հաղթանակի պատրանք՝ սեփական ձախողումը ներկայացնելով որպես հաջողություն։
Սա նաև ցույց է տալիս, որ Փաշինյանին կտրուկ, հեղափոխական ճանապարհով հեռացնելը Մոսկվայի համար գերխնդիր չէ։ Եվ դրա գլխավոր պատճառն այն է, որ նրա հայաստանյան սատելիտները չեն կարողանում հիմնավորել, որ ընտրակեղծիքները կրել են համակարգված ու համատարած բնույթ, ինչպես նաև չեն կարող ցույց տալ, որ վայելում են հասարակության մեծամասնության աջակցությունը և ունակ են ստեղծել կրիտիկական փողոցային ճնշում։
Նման պայմաններում ցանկացած արկածախնդրություն կարող է Արևմուտքին հնարավորություն տալ ավելի ակտիվ ներգրավվելու հայկական գործընթացներում, իսկ Մոսկվան ռիսկի է դիմելու վերջնականապես կորցնել Հայաստանը։ 102-րդ ռազմաբազայի միջոցով ռազմական սցենարի կիրառումն էլ իրատեսական չի թվում, քանի որ ներհայաստանյան հանրային աջակցության բացակայության պայմաններում դա կնշանակի երկրորդ ճակատի բացում իր դեմ՝ մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը շարունակում է մնալ ուկրաինական պատերազմի բեռի տակ և կանգնած է տնտեսական կոլապսի շեմին։
Ուստի Կրեմլի համար ավելի շահեկան է գործ ունենալ գործող իշխանության հետ՝ նրա շուրջ ձևավորելով սահմանադրական մեծամասնությունից զրկված և մշտական ներքին ճնշման տակ գտնվող «թույլ իշխանության» իմիջ։ Այստեղ է, որ «մասսայական կեղծիքների» նարատիվը դառնում է այդ իմիջակերտման գլխավոր գործիքը։ Միաժամանակ այն հայաստանյան յուրային ուժերին տրամադրում է կարճաժամկետ հեռանկարում ավելի կոշտ պայքարի և, անհրաժեշտության դեպքում, փողոցային ճնշումների դիմելու քաղաքական հիմնավորում։
Այս կերպ Մոսկվան կարող է հույս ունենալ, որ սատելիտ ընդդիմության խորհրդարանական կշիռը կզսպի ՔՊ-ին, եթե վերջինս փորձի միանձնյա վերանայել երկրի արտաքին քաղաքական կամ անվտանգային հիմնասյուներին վերաբերող դրույթները։
Ինչու է Մոսկվան խուսափում չճանաչել ընտրությունների արդյունքները
Սա բացատրում է նաև, թե ինչու է Ռուսաստանը, փաստացի կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը, խուսափում պաշտոնապես չճանաչել դրանց արդյունքները։ Այդ քայլը կնշանակեր գործող իշխանությանը հայտարարել անօրինական, ինչը կբերեր Երևանի և Մոսկվայի հարաբերությունների լուրջ ճգնաժամի։
ՌԴ-ն դրան չի գնա, քանի որ այդ դեպքում ինքնակամ կհեռանա հայկական քաղաքական դաշտից՝ ազդեցությունը թողնելով Արևմուտքին։ Բացի այդ, Մոսկվային անհրաժեշտ է Երևանում ունենալ իրավական սուբյեկտ, որի ստորագրությունը ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ կառույցների շրջանակներում կունենա իրավական ուժ։
Այս դիրքավորումը փաստացի լուծում է նաև ընդդիմության՝ մանդատները վերցնել-չվերցնելու դիլեման։ Ռուսաստանին միանշանակ ձեռնտու է, որ իր հետ կապվող ուժերը մտնեն խորհրդարան։ Դա նրանց տալիս է պաշտոնական կարգավիճակ, ֆինանսավորում և, ամենակարևորը, քաղաքական ամբիոն։ Խորհրդարանական հարթակից հնչող ցանկացած ռուսամետ ուղերձ ստանում է լրացուցիչ քաղաքական ու պաշտոնական կշիռ և կարող է օգտագործվել ռուսական քարոզչամեքենայի կողմից։ Բացի այդ, խորհրդարանական ներկայությունը հնարավորություն է տալիս կիրառել իշխանության նկատմամբ ինստիտուցիոնալ ճնշման գործիքներ՝ վերահսկողական մեխանիզմներ, գաղտնի տեղեկատվության հասանելիություն, քաղաքական ճգնաժամերի գեներացման հնարավորություններ և այլն։ Խորհրդարանից դուրս մնացած ուժը Մոսկվայի համար չունի այն արժեքը, ինչ խորհրդարանականը։
Կա նաև 2021 թվականի դառը փորձը։ Այն ժամանակ ընդդիմությունը երկար տատանվեց մանդատները վերցնելու հարցում, ապա անցավ տևական բոյկոտների («Դիմադրություն» շարժման ժամանակ)։ Արդյունքում ոչ միայն չկարողացավ հեռացնել Փաշինյանին, այլև թուլացրեց սեփական դիրքերը և հանգիստ վերադարձավ ԱԺ։
Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ այս անգամ Մոսկվան իր հայաստանյան գործընկերներին կհորդորի համատեղել խորհրդարանական կոշտ պայքարը փողոցային ճնշումների հետ։ Եվ հավանական է, որ այդ հորդորն ընդդիմության համար ավելի ազդեցիկ կլինի, քան սեփական ընտրազանգվածից եկող՝ մանդատները չվերցնելու էմոցիոնալ պահանջները։
Գոռ Աբրահամյան
